նրա շապկից ծանր հոտ է գալիս, որ տատը ցերեկով բոբիկ է քայլում, գիշերն էլ առանց ոտքերը լվալու պառկում։
Քաղաքից բերած իր կապույտ վերմակի տակ Անժիկը քնելուց առաջ մտաբերում էր քաղաքը, իրենց դպրոցը, շարքերը պիոներական, կինոն, տրամվայն ու էլի հազար ու մի պես-պես բաներ։ Կապույտ վերմակի տակ Անժիկն իրեն քաղաքում էր զգում, և այդ նրան դուր էր գալիս։
Գարնան արևն իրեն արդեն զգալ էր տալիս։ Գյուղի եռուզեռը շատացել էր։
Գյուղը հեռվից մի մեծ մրջնոցի էր նման, որ գարնան սկզբին սկսում է շարժվել։ Գարնան արևն ավելի արագ էր քայքայում բակերում կիտած աղբը, և կծծահոտն ավելի թանձր էր թվում, գրգռում քթի լորձունքոտ մաշկը և աչքերից արցունք հանում։
Գոմերում տավարը նեղվում էր, օդաներում գյուղացիք խոսում էին սարի մասին, ուր մատաղ կանաչն արդեն ծլում էր։
Մյուսների պես Մինա բիբին էլ էր պատրաստվում սար գնալու։ Նա մտքում դրել էր սար գնալուց առաջ Անժիկի հետ մատուռ գնալ։ Նրա կրծքի տակ որպես մի թույլ կանթեղ վառվում էր Անժիկին աղոթել սովորեցնելու ցանկությունը։
Ինչո՞ւ ծնվեց նրա մեջ այդ ցանկությունը. ինքն էլ չգիտեր։ Պառավն ուզում էր կապել նրանց գյուղի հետ, Անժիկին դարձնել գյուղի մի խոնարհ աղջիկ և տարիների ընթացքում արմատախիլ անել այն ամենը, ինչ քաղաքն է տվել։
Ինչ լավ կլիներ, եթե նրանք գյուղում մնային։ Իսկ Տիգրանը միշտ ասում էր, թե շուտով պիտի վերադառնան քաղաք, արձակուրդը լրանում է։ Արդյոք մեկ էլ կգա՞ն գյուղ, ինքը ողջ կմնա՞ մինչ այդ։
Գարնան մի գեղեցիկ առավոտ, երբ ամեն ինչ աշխույժ և դուրեկան է թվում, երբ մարդ ամենից քիչ է մտածում առօրյա հոգսերի մասին և իրեն ավելի մոտ զգում բնության, գարնան այդպիսի մի առավոտ Անժիկն ու Մինա բիբին գնացին դեպի ձորակ։ Տանը Մինա բիբին չէր ասել, թե մատուռ են գնում։ Նա վախենում էր, որ Տիգրանն արգելի Անժիկին։