Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/21

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ամեն անգամ Իսանանց խանութը մտնելիս միջնակ ախպերը մի տեսակ ծաղրով ասում էր Հաբուդին.

− Ամիսը ե՞րբ թամամեց, որ եկար,−կամ թե՝

− Քանի՞ շաբաթ ա քո ամիսը...

Երբեք Հաբուդը չէր կարողանում հաշիվը կանոնավոր ստանալ: Կամ ասում էին, թե ստանալիք չկա, կամ էլ, շատ որ համառում էր Հաբուդը, Իսանանց ախպերը բարկանում էր նրա վրա և ասում.

− Դու ինչացո՞ւ ես, հերդ կգա, նրա հետ հաշիվ կանենք:

Հաբուդը գիտեր, որ հայրը խոնարհ մարդ է, լեզուն կարճ։ Ինչ որ ասեին, համաձայն էր, մենակ թե համփա մարդկանց խաթրին չկպչեր։

− Ունևոր են, մենք էլ նրանց շվաքում կապրենք:

Այսպես էր ասում Վանդունց Բադին, ստացած կոպեկները տալիս Հաթամի աղջկան, որ պահի։ Մի օր պետք կգար, Հաբուդի հարսանիք կար, ապագայում տուն տեղ ունենալ կար։

− Հասնում ա հա՜, զատ չի մնացել,— ասում էր երբեմն Բադին իր կնոջը, ու երկուսով կարոտով նայում էին Հաբուդին:

− Թե սաղ մնամ, եկող աշունք հարսանիք եմ անելու:

10 Հաթամի աղջիկն ասում էր, որ գյուղում սազ աղջիկ չկա, որ պիտի հարևան գյուղից աղջիկ ուզի, տրտնջում էր, թե բան ու գործից ազատ չի լինում, որ մի գնա, տեսնի՝ ում աղջիկն է հարմար։

− Դու որ կարենաս, էս աշունք, քոչը սարովն անցնելիս մի քիչ բուրդ առ, մանեմ, համ էլ քոլքից մի ձեռք տեղաշոր կապեմ:

Երկու պառավ խելք-խելքի մտածում էին գալիքի մասին, երբ տանն աղմուկ կլինի, եկող-գնացող, խարխուլ խրճիթը կլսի մանկան ուրախ ճիչ։

Երբեմն էլ զրուցում էին, թե ինչ արհեստի դնեն Հաբուդին։