Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/25

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Իսանանց մեծ ախպերն ասել էր, թե գյուղից տավարածի տղան էլ որ սալդաթ գնա, ամեն ինչ լավ կլինի։

Վանդունց Բադին հանդից էր խոսում, թե վանքի ձորում խոտը թազնել է, ագին ծաղիկ կովը պիտի ծնի, վերի հանդի կամուրջը փլվել է: Երբեմն էլ պատերազմի մասին Հաբուդից էր հարցնում.

− Հաբուդ, բա էդ գերմանը խաչապաշտ չի՞:

− Խաչապաշտ ա։

− Բա ո՞նց ա միացել թուրքի հետ: Աստուծ դա ընդունիլ չի։

Հաբուդը ժպտում էր հոր միամտության վրա, մտաբերում Իսանանց տղոցը, 10 պիսիրին և նրանց, որոնք հեռավոր դիրքերում կռվում են, ոտ ու ձեռից զրկվում, ցրտից սառչում, թագավորից խաչ ստանում։

Ինչո՞ւ համար այդպես եղավ։ Ինչո՞ւ Իսանանց տնից մի զինվոր չկա, իսկ Խաչումենց Բախշու երեք տղան էլ կռվում են: Ինչո՞ւ է թանկանում շաքարը, էն ինչո՞ւ քաղաքում ժողովներ են անում, փող հավաքում, էն ո՞նց եղավ, որ վարժապետ Մինասը խումբ կազմեց, գնաց Վան, իսկ գաղթական ժողովուրդը կոտորվում էր սովից, ցրտից:

Մտածում էր Հաբուդը, և նրա անտաշ միտքը մեծ ցավով ճգնում էր պատասխան տալ, հաղթել արգելքներին, պահված գաղտնիքների դռները բանալ։

* * *

20 Մի օր էլ գզիր Զաքին եկավ Վանդունց Բադու տունը՝ Աթանանց մեծ ընկուզենու տակ...

− Բարի օր, Հաթամի աղջիկ...

− Հը՛, Զաքի, խե՜ր ըլնի:

− Խեր ա, բա խեր չի, տղադ որ գա, ասի էգուց քաղաք գնա, սալդաթ են կանչում:

Ասես մի մեծ քարով խփեցին Հաթամի աղջկա գլխին․ ծնկները դողացին, աչքերը շաշվեց, ու հենց դռան շեմքին վեր ընկավ։