Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/240

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Պետք է բերենք...

Ենոքը զարմանքից գլուխը բարձրացրեց։ Նրա դեմքը արտահայտում էր և՛ կասկած, և՛ զարմանք։ Կարծես ուզում էր ասել գժվե՞լ են նրանք, որ չեն նայում եղանակին։ Բայց այդ ժամանակ ներս մտավ Լևոնը. ու Ենոքը՝ իր պարտականությունը կատարած համարելով՝ գերադասեց չխառնվել նրանց խոսակցությանը։

— Լևո՛ն, կոլխոզի համար էլ է, — ասաց նախագահը և գրությունը մեկնեց նրան։ Լևոնը կարդաց, թուղթը դրեց սեղանին և ճակատը տրորելով պատասխանեց.

— Էդպես է... ճիշտ է, բայց․․․

— Էլ բայց-մայց չկա, — իսկույն վրա բերեց նախագահը։

Լևոնը նեղացած նայեց նրա կողմը։

— Էդպես ես միշտ չես թողնում խոսքս վերջացնեմ...

Կոլեկտիվի նախագահը դանդաղ էր խոսում։ Ինչքան էլ դիմացինը արագախոս չիներ, մտքերը կարճ ու կտրուկ ասեր, նա ծնոտը պիտի շարժեր դանդա՜ղ։

— Դե ասա, հը՞։

— Ասելս էն է, որ ճիշտ է' եղանակն էսպես է, ինչպես որ ներկայումս է, բայց որ խոր մտածում եմ, տեսնում եմ, որ պիտի սերմազտիչը բերվի։

— Դե ասա, էլի՜, — անհամ բեր կրկնեց նախագահը,— էլ ինչ ես սարով, քարով ընկել։

— Ինչպե՞ս... — և լռեց, — պետք է մի հնար մտածենք, էլի՛․․․

Սմբատը տեղից վեր կացավ։

— Հնար ես ասեմ... Սահնակի պես բան կշինենք, տանենք վրան պնդացնենք, քաշ տանք...

— Եզներո՞վ... — հարցրեց նախագահը։

— Սար ու ձոր ձյունով լցված՝ եզ կբանի՞․․․ Բոլորը կխրվեն, ոտները սոթ կտա, կջարդվեն հեյվանները, ավելացրեց Լևոնը։

Ենոքը, որ մինչ այդ զարմանքով և հետաքրքրությամբ էր լսում նրանք խոսակցությունը, փայտը ձեռքից վայր գցեց,