Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/47

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

էր, դպիր, որ դարեր առաջ խուցի կիսախավարում արտագրել է, ծաղկանկարել, համոզված, որ գալ սերունդը փոշեպատ մատյանի մեջ որոնելու է դարերի մոռացված անց ու դարձը։

Սակայն Իվան բեյը գալ սերունդի համար չէր սովորել գեղեցիկ և վայելուչ գրել։ Տասնյակ տարիների ընթացքում նա այն համոզմանն էր եկել, որ վայելուչ դիմումը շատ ավելի ուժ ունի, քան նույն դիմումը մի քիչ անփույթ գրած։

Ամբողջ քաղաքում Իվան բեյի ձեռագիրը հայտնի էր։ Ինքն էլ միշտ սիրում էր պատմել, թե ինչպես բարձրաստիճան մի պաշտոնյա մեջքն էր շփել և խոստացել պարգև՝ գեղեցիկ գրելու համար։

— Առաջվա գիրն էլ չկա, այ կնիկ,— գանգատվում էր Իվան բեյը,— ձեռքս հիմա դողում է, ես էլ չեմ իմ գրածին հավան։

Աշխատանքի ժամանակ, երբ հին թղթերն էր համարագրում, Եվան բեյը երբեմն ինքն իրեն ժպտում էր, ակնոցները շտկում և թուղթն ավելի մոտեցնում աչքերին։ Դողում էին ձեռքերը, աշնան տերևի պես երերում էր թուղթը հին, իսկ Եվան բեյի գլուխը հանդարտ շարժումով դառնում էր մեկ աջ, մեկ ձախ։

Ժպտում էր Իվան բեյը երանության ժպիտով, աչքերը փայլում էին ակնոցների ճաքած ապակու ետև, միտքը թև առած թռչում էր դեպի ետ, երբ Իվան բեյի վերարկուն դեռ նոր էր, կոճակները պղնձափայլ, ձայնը խրոխտ։

Նա ժպտում էր, որովհետև արխիվի թուղթը հին հանկարծ հիշեցնում էր վաղուց մոռացված մի պատմություն։ Նայում էր ստորագրության, թվականին, մի պահ դեն դնում թուղթը և թողնում, որ մտքերը տաշեղի պես լողան հիշողության ծովում։

Եվ այդ օրը նա ուրախ էր տուն դառնում, ճաշի ժամանակ էլ պատմում պառավին.

— Մի՞տդ է, էն տարին մի ռևիզոր եկավ… Դու էլ ասում էիր, թե ինչ աղոթասեր մարդ ա…

— Էն, որ արաղ խմելուց առաջ խաչակնքում էր երեսին,— ավելացնում էր կինը և հիշողության ուժ տալիս։ Ու նրա մտքի առաջ, քարավանի պես անցնում էին ծանոթ դեմքեր՝