Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/409

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Նրա սիրտը ճմլվում էր, երբ նրան գանգատվում էին կոռ ու բեգյառի ծանրությունից։ Բայց դրանով էլ վերջանում էր նրա վերաբերմունքը։ Նման խոսակցություններ նա չէր սիրում, որովհետև ներքնապես զգում էր, որ անօգնական է նույնիսկ խորհուրդ տալու։ Սակայն նա ինքնասեր էր և չէր սիրում ուրիշներին ցույց տալ, որ ինքը չի կարող նույնիսկ խորհուրդ տալ։ Նա նրանցից չէր, որոնք չոր սառնությամբ անդամահատում են միջավայրը իբրև կենդանի մարմին, մերկացնում են մաշկը, մկանները և փնտրում ախտի բունը, որպեսզի 10 մաքառեն այդ ախտի դեմ։ Միրզամի առասպելախառն պատմություններն ավելի գեղեցիկ էին, քան նրա չոր զրույցը խարջի և բեգյառի մասին։ Բռնկվող խարույկի նման նրա կրակները խավարի մեջ շքեղ լույս էին տալիս և հանկարծ իջնում։ Թվում էր, թե խավարը նրան կլանեց։

Այդ օրը նա Միրզամին ոգևորությամբ պատմեց Վաշինգտոնից բերած բամբակ մաքրող առաջին մեքենայի մասին, որ տեղավորել էին բերդի պարսպի տակ, և որի մոտ կանգնած էր «ղրուզինսկի 4-րդ բատալիոնի» պահակը։ Ոչ մի գյուղացի չէր մոտեցել այդ «հրաշքին», ոմանք բերդի և պահակի ահից, 20 մեծ մասը՝ անգիտությունից և անհետաքրքրությունից։

Միրզամը ևս անտարբեր լսեց։ «Վաշինգտոն շհարի մաշինը» ոչ նրան էր վերաբերում և ոչ էլ Քանաքեռին։ Ուստի նա ոչ մի բան չհարցրեց, այլ խորհրդավորությամբ, որպես գաղտնիք, նրան հայտնեց գյուղի նշանավոր նորությունը։

- Սև Ղահրամանի տղան էս մի շաբաթ է չի երևում։ Գլուխն առել ա փախել Բայազեթի կողմերը։

Սև Ղահրամանի տղան առաջինն էր, որ փախել էր Քանաքեռից, երբ քյոխվան ստացել էր խարջի «պուբլիկացիան»։ Նրան սպառնում էր կամ բերդի զնդանը կամ սովդաքյարի շղթան, 30 որ նրան ցմահ պիտի շղթայեր պարտքի մուրհակին, և այդ օղակը հետզհետե պիտի սեղմեր նրա և նրա երեխաների վիզը, քանի որ ամեն տարի նույն ձևով «ստիպմամբ խարջը պիտի տար խադնային», ինչպես պատմեց Միրզամը։

- Բա տունը, երեխեքը...

- Դուռը վրաները փակել է, գնացել...