Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/442

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Հրապարակում կլանչում է մի շուն, կով է բառաչում, մարդիկ բարձրագոչ աղաղակում են հայերեն, թուրքերեն, ժխորը հետզհետե սաստկանում է, ժխորը հասնում է մինչև Մեղրաքերծ, և ժխորին խառնվում է զինվորական փողը, որ հնչում է զորանոցի կողմից... Երբեմն հանկարծ լռում են, ինչպես ճնճղուկների երամը, երբ գետնի երեսով անցնում է անգղի ստվերը։ Ձիավոր ոստիկանների գլուխն անցած, հրապարակը ճեղքելով սլանում է գավառային պահակախմբի պետ Ավթանդիլ Խուրշուղ բեյը... Ավազակները սարից նախի՞ր են 10 քշել, մա՞րդ են սպանել, հարձակվել են փոստի վրա՞, թե՞ ուրիշ դեպք է եղել,- դեռ ոչ ոք չգիտե, և ժողովուրդը ճանապարհ է տալիս. «Խուրշուդ բեյը բարկուշատ գնաց»,- ասում են իրար և բոլորը հասկանում են, որ այն կողմերում «բան կա»...

Երբեմն շուկայի հրապարակով անցնում էր Պենզայի 686-րդ դրուժինայի ջոկատը՝ թմբուկի սուր կտկտոցով, բահերի ու զենքերի զրնգոցով... Առջևից գնում էր երիտասարդ սպան, որ դիտմամբ ծռել էր ճանապարհը, որովհետև ձանձրալի էր անցնել Գորիս քաղաքի խուլ փողոցներով։

Ջոկատը վերադառնում էր զինվորական վարժությունից, 20 կամ երևում էր բանտարկյալների խումբը գորշ խալաթներով, ոտներին շղթա (նրանց տանում էին հող փորելու) կամ սլանում էր Ավթանդիլ Խուրշուղ բեյը՝ ետևից ձիավորները,- հրապարակում աղմուկը դադարում էր, ինչպես ճնճղուկների ծվծվոցը, երբ գետնի երեսով անցնում է անգղի ահարկու ստվերը։

Այդ ժխորից մարդկանց և անասունների կանչերից ազատ էր Պասաժը։ Այնտեղ ազնիվ լռություն էր։ Այնտեղ ամեն ինչ ազնվացեղ էր և առաջին պրոբի։ Ակնեղենի և գոհարեղենի խանութների կողքին կային խմիչքի և նպարեղենի մեծ խանութներ, 30 որտեղ չէին վաճառում ոչ տեղական գինի և ոչ տեղական ձուկ, այլ վաճառում էին ֆրանսիական լիկյորներ, Հավանայի սիգար, հռենոսի գինի և այսպիսի կոլոնիալ ապրանքներ, որոնց գնորդները բեյերն էին և չինովնիկ մեծամեծները, նաև ռուս քահանան, որի մասին ժամհար Պարսեղը լուր էր տարածել, թե նա եփած խխունջ է ուտում։