Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/550

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

- Мне ти надо,- գոռում է Պուղանր և փափախով նշան է անում, թե գետն անցեք և միասին հետապնդենք թշնամուն

- Не приказано,- բղավում է կարմիր հրամանատարը։

Լևոնն առաջ է վազում, քիչ է մնում գետը քշի նրան։

Լևոնն այն կողմից շպրտում է երկար պարանը։

«Ջաղացատերն» ու նրա ընկերը խոսում են։ Ընկեր՝

- Ա՞նց ես կենում․..

«Ջաղացատերը»՝

- Բա հիմա էլ անց չկենա՞մ.․․

Պուղանն ուրախությունից գլխարկը գետնովն է տալիս։ Մակիչը մտնում է ջուրը, պարանի ծայրն առնում է։ Մի քանիսը հետևում են նրան։ Պուղանն ինչ-որ անհանգիստ է։ Դիմում է ընկերներին․

- Խոխեք, ռուսերեն ազատողին հունց կա՞սեն...

- Սլաբոննի,- ասում է մեկը։

- Բլեստյաշչի,- առարկում է երկրորդը։

Պուղանին ավելի է դուր գալիս երկրորդը, և նա բարձր կանչում է։

- Դա զդրաստվույետ բլեստյաշչի կրասնի արմի...

Պուղանը ևս մտնում է ջուրը։ Այն ափից պարանը քաշում են։

Լողում են կոմունարները, պղտոր ջրերի վրա ծածանվում է կարմիր դրոշը։

Ծագում է արևը։

ՀԻՆԳԵՐՈՐԴ ՄԱՍ

1

Գիշեր է։

Նստել են «սպարապետը», գնդապետ Կուռոն, Գեդեոն վարժապետը։ Մտազբաղ դեմքեր են։ Սկսվում է քաղաքացիական կռիվը։ Ո՞ւմ հետևից կգնա Զանգեզուրի գյուղը... Այլևս չի արշավում մուսավաթի բանակը, այլ գալիս է Կարմիր բանակը։

Դեռևս որքան կհաջողի նրանց դեմագոգիան... իսկ հետո՞...

Ցուրտ է։ Նրանց վաղը մռայլ է։

«Սպարապետը» դիմում է Գեդեոն վարժապետին։