Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/227

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Անժամանակ և շուտ-շուտ ջրելու շնորհիվ կարտոֆիլի ցողուններն արագ մեծանում են, տերևակալում և հուլիսի վերջերին պառկում, իսկ ստվերի տակ մնացած ճյուղերն սկսում են փտել, այդ ժամանակ սնկային հիվանդություններն սկսում են է՛լ ավելի տարածվել։

Պետք է նկատի ունենալ, որ կարտոֆիլը սերմելուց հետո, առաջին շրջանում, ամենևին ջրի կարիք չի ունենում, որովհետև սերմացվի մեջ մեծ քանակությամբ ջուր է լինում։

Ավելորդ տված ջուրը բացի վնասից ոչ մի օգուտ լի կարող բերել։

1925 թվին տարին չորային էր, բայց Զանգեզուրում կարտոֆիլն առանց ջրելու մեզ հաջողվեց ստանալ ավելի բերք, քան նույն տեղում ստացել են գյուղացիք 8—10 անգամ ջրելուց հետո։

Չպիտի մոռանալ, որ շատ ջրելով՝ կարտոֆիլի համը փոխվում է, և, որ գլխավորն է, ստացած պալարները դիմացկուն չեն լինում։

Փորձը ցույց է տվել, որ կարտոֆիլը ջուր է ուզում ամենից շատ այն ժամանակ, երբ առաջին ծաղիկներն են երևում, և պալարներն սկսում են գոյանալ։ Այդ ժամանակ մի անգամ ջրելով՝ կարտոֆիլի բերքը բավական ավելանում է։

Ջրելու անհրաժեշտությունը կախված է հողից և տեղի կլիմայական պայմաններից։ Եթե որևէ շրջանում հողը բավականաչափ խոնավություն ունի կամ անձրևներ հաճախ են լինում, ինչպես օրինակ՝ Լոռվա շրջանում, կարտոֆիլը ջրելու ամենևին կարիք չկա։ Միայն չորային տարիներում կարիք է լինում ջրելու, այն էլ 2—3 անգամից ոչ ավելի։

Պետք է իմանալ, թե ե՛րբ է ջուր պահանջում կարտոֆիլը և միայն այդ դեպքում ջրել. իսկ այդ իմանալն այնքան էլ դժվար չէ։ Ծարաված կարտոֆիլի հողը ճաքճքած և 3 — 4 վերշոկ խորությամբ չորացած է լինում։ Բույսի տերևները մուգ֊ կանաչ կամ կապտավուն գույն են ունենում: Բացի դրանից, ծարավ կարտոֆիլի թփերը վաղ առավոտյան թառամած են լինում, և պարզ երևում է, որ ջուր է պահանջվում:

Շատ անգամ կեսօրվա շոգից կարտոֆիլի տերևները թուլանում են ու կախ ընկնում, և թվում է, թե բույսը ծարավ է։ Կարտոֆիլի ցանքի ծարավ լինելը որոշելու համար պետք է վաղ առավոտյան նայել և ոչ թե կեսօրվա շոգին։

Այսպիսով, մշակող ամեն մարդ պետք է լավ իմանա, որ կարտոֆիլը կարելի է ջրել միայն այն ժամանակ, երբ նա ջրի կարիք ունի, իսկ ավելորդ տված ջուրը միայն կարող է վնասել ցանքին։