Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/283

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կյանքը» չէր կարող բացառություն կազմել. ընթացիկ խնդիրների կողքին դրվում են և տնտեսական ձևակերպումն ստանում մեր անասնապահության զանազան ճյուղերի ուսումնասիրությունը կամ առանձին հարցեր, ինչպես, օրինակ՝ ոչխարաբուծության շահավետությունը, ձիու, թե եզան ավելի օգտակար լինելը՝ իբր քարշող ուժ։ Դրվում են և այլ բազմապիսի խնդիրներից՝ հողային և օրենսդրական բնույթի. ավելանում է գյուղատնտեսական տեխնիկայի նորություններին նվիրված մասը, որտեղ խոսվում է այնպիսի կարևոր հարցերի մասին, ինչպիսին արհեստական անձրևացման գործն է։ Անհամեմատ ավելի է կանոնավորվում այնպիսի բաժիններ, ինչպիսիք են՝ գյուղատնտեսական աշխատանքները գավառում, գյուղատնտեսական մամուլ, գրախոսություն և այլն։ Տրվում են մի երկու ուսումնասիրություններ հնադարյան գյուղատնտեսության ու ջրային խնդրին նվիրված։ Հատուկ ուշադրություն է դարձվում գյուղատնտեսության ավելի փոքր ճյուղերի՝ մեղվաբուծության, շերամապահության և ծխախոտագործության վրա։ Երբեմն առանձին համարներ են նվիրվում գյուղատնտեսության այս կամ այն ճյուղի ուսումնասիրության, ավելի սակավ՝ առանձին գավառների գյուղատնտեսության։

Որպես նմուշ բերենք 1926 թ. հրատարակած հոդվածների թիվն ու ստորաբաժանումն ըստ հարցերի։ 26 թ. 12 համարում տպված է 214 հոդված, որից գյուղատնտեսական քաղաքականության և ընդհանուր տեսական հարցերին է նվիրված 37 հոդված, արտադրական կոոպերացիային և վարկային գործին՝ 18, հետազոտությունների և փորձնական գործին՝ 20, հողային հարցին՝ 14, նույնքան և կաթնատնտեսությանն ու անասնապահությանը, անտառային տնտեսությանը՝ 11 հոդված, բույսերի պաշտպանության, այգեգործության և գինեգործության ու ծխախոտի մշակության՝ 7֊ական հոդված և այլն։

Կանոնավորվում է և թերթի հրատարակության գործը։ Սկզբի տարիներում թերթը լույս էր տեսնում հաճախ միացյալ համարներով, 1925 թ. սկզբին այդ իսպառ վերանում է։ Վերջին 3 տարում «Գյուղատնտեսական կյանքը» հրատարակվել է շատ կանոնավոր ու ժամանակին։ Լավանում է թերթի տիպն ու արտաքինը։ Նոր և ավելի երիտասարդ ուժեր են համախմբվում նրա շուրջը։ Ամսագիրն սկսում է ավելի լուսաբանել երկրի բովանդակ գյուղատնտեսությունը։ Այս ամենի հետևանքը լինում է տիրաժի դանդաղ, բայց հարատև աճումը։