Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/558

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Վերջապես՝ Փոնդոյանցը հրատարակողն ու մեկնաբանողն է XVIII դարի հայ գրականության ու պատմագրության երկու, խիստ կարևոր հուշարձանների՝ Պետրոս դի Սարգիս Գիլանենցի Օրագրությունների և Հովսեփ Արղությանի Հիշատակարանի, որոնք լույս են տեսել «Կռունկ հայոց աշխարհին» ամսագրի էջերում (1863 թ.)։ Հարյուրավոր էջեր են կազմում Հ. Փոնդոյանցի հավաքած նյութերը ժողովրդական խոսակցական լեզվի ոճերի ու դարձվածքների մասին, որոնք նա չհասցրեց մշակել ու հրատարակել։ Վախճանվել է 1883 թ. հուլիսի սկզբներին։

104 «Վերք Հայաստանի» վեպը Աբովյանը վերամշակել ու կատարելագործել է մինչև 1846 թվականը և այն ոգով, որով սկսել էր գրել, հետևաբար, անհիմն է Բակունցի պնդումը։

105 Մեջ է բերված ըստ Ա. Աբեղյանի թարգմանության և աննշան փոփոխություններով հունձից-ը դարձրել է հնձից, երեքից մինչև չորս-3-ից մինչև 4, գինի-գինին, Եվ դա դեռ—դա դեռ (տե՛ս «Հայրենիք», 1926, դեկտեմբեր, № 2, էջ 97)։ Ճիշտ չեն մատնանշված ռուսական թարգմանության էջերը. պետք է լինի ո՛չ թե էջ 195—196, այլ՝ 185—186։

106 Այս քաղվածքն ևս մեջ է բերված նախորդ աղբյուրից, երկու ուղղումով․ բնագրի այն մարդկանց պահել արտահայտությունը Բակունցը խմբագրել է՝ մարդիկ պահել, իսկ (մեծ) հայրը-Ապով պապը (տե՛ս «Հայրենիք», 1926, № 1, նոյեմբեր, էջ 120)։ Իր հերթին՝ Հաքստհաուզենն էլ հիշյալ հատվածը վերցրել է Աբովյանի գերմաներեն Հիշատակարանից, որի բնագիրը նա ստացել էր անձամբ Աբովյանից, 1843 թ. օգոստոսի վերջերին»։

107 Թումանյանի «Գութանի երգը» բանաստեղծության խոսքերն են։

108 Բակունցից հետո միայն պարզվեց (1940 թ․), որ այս բանաստեղծական պատառիկը մասն է կազմում Խ. Աբովյանի «Յետ փոքր ինչ մխիթարելոյ իմ ի ցաւոց վասն մահուան հօր իմոյ» երկարաշունչ քերթվածի։

Առաջին անգամ օգտագործվել է Ն. Տեր-Կարապետյանի «Խաչատուր Աբովյան» աշխատության ծանոթագրություններում (էջ 9)։ Այդտեղից էլ արտադրել է Բակունցը՝ վերափոխելով ուղղագրությունը։ Մենք վերականգնել ենք հինը, կանոնավորել կետադրությունը և ուղղել նկատված վրիպակը (տպված է՝ կալան, պետք է լիներ՝ կայան):

109 Պարսից, իսկ այնուհետև՝ ռուսների տիրապետության ժամանակներում Քանաքեռ գյուղից գանձվող պետական հարկի չափերի մասին Բակունցի հաղորդած տվյալները, որոնք, իբր, նա քաղել է Հաքստհաուզենի գրքից, միտումնավոր են։ Նախ՝ Բանաքեռի 72 ծուխը տարեկան վճարում էր ո՛չ թե 604 ռ. արծաթ, այլ 504 ռուբլի (Բակունցը արտագրել է վրիպակով), որը ծխի հաշվով կաներ յուրաքանչյուրից՝ 7 ռուբլի՝ ավելացրած նաև փոստի հարկը (յուրաքանչյուրից՝ 1 ռ. 75 կոպ.), և հետո՝ պարսից տիրապետության շրջանում տուրքերը միայն ձևականորեն էին ցածր։ Նույն Հաքստհաուզենի վկայությամբ՝ հակառակ պարսից տիրապետության վերջին տարիներին պաշտոնապես սահմանված «աննշան» տուրքի՝ 25 թուման և ամբողջ բերքի մեկ֊երրորդ մասը, իրականում Քանաքեռ գյուղից գանձում էին. այգիների ու գինու հարկ՝ 100 թուման, գլխահարկ՝ 80 թուման, հացահատիկի բերքի կեսը կամ լավագույնը՝ մեկ-երրորղը։ Այս բոլորը ռուսական