Jump to content

Էջ:Calendar Hanragitak (Հանրագիտակ օրացույց).djvu/56

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

այսինքն՝ մարդիկ, որոնց գլխներին հաղթողի պսակ են դըրել: Մի քանի հազար տարեկան հայերեն պսակավոր թառը, որ օգտագործել են մեր պատմիչները, արդի ժամանակներում անիրավացիորեն մոռացության է տրվում: Միջազգային ճանաչման արժանացած լաուրեատ թառը լատիներեն է և նշանակում է դափնեկիր: Հին Հռոմում ու Հունաստանում այդպես էին կոչում հաղթողին, որովհետև նրա գլխին դնում էին դափնու տերևներից հյուսած պսակ: Բայց հայաստանում դափնի չըկար, և հաղթողի գլխին ուռենու ոստերի պսակ էին դնում: Այդ պատճառով էլ ուռենին հնուց ի վեր Հայաստանում համարվել է երազանքի, բանաստեղծության ծառ: Արդար կլիներ, որ բոլոր մրցույթներում հաղթողներին կոչ էինք պսակավորներ, ինչպես անում էին մեր հները:

Հին Հայաստանի հեթանոսական գլխավոր կենտրոնը Աշտիշատ ավանն էր, որ գտնվում էր Տարոնում, Արածանի գետի աջ ափին: Այստեղ էին հայոց յոթ բագինները՝ Արամազդին, Անահիտին, Միհրերին, Նանեին, Աստղիկին, Տիրին և Վահագնին նըվիրված զոհասեղանները: Նավասարդյան տոնախմբությունների ժամանակ այստեղ կազմակերպվում էին մարզական խաղեր, բանաստեղծների ու երգիչների մրցություններ, արհեստավորը ցուցադրում էր իր ձեռքի գործը, հողվորը հողի բարիքները: Հաղթողների գլխին դնում էին վարդերից հյուսած պսակներ և օծում վարդաջրով: Նավասարդյան մըրցություններում հաղթողները նույնպես պսակավորներ էին կոչվում, միևնույն է, թե հաղթողի գլխին ինչ են դնում՝ ուռենու ոստերից թե՜ վարդերից հյուսած պսակ: Բոլոր դեպքերում պսակը մնում է պսակ և հաղթողին պիտի անվանել պսակավոր տարողունակ բառով:

Ինչևէ, Երազամույն տաճարի մոտ տեղի ունեցող բանաստեղծություն արարելու տոնահանդեսը Տիր աստծու անունով կոչվել է Տիրական:

Հայոց հին տոմարի չորրորդ ամիսը Տիր աստծու անունով կոչվել է Տրե կամ Տրի, ծիածանը Տիրական կամ Տրական գոտի: Հայաստանում Տիրի անունով ստեղծվել են մի քանի տեղանուններ և անձնանուններ: Ահավասի՝ Տիրինկատար (լեռ), Տիրակատար (քաղաք), Տիրառիճ (գյուղ), Տրի (գյուղ), անձնանուններ՝ Տիրան, Տիրատուր, Տիրայր, Տիրիբազ, Տիրոց, Տրդատ և այլն:

ԱՍՈԻՅԹԵՐ ՀԱՅԵՐԵՆԻ ՄԱՍԻՆ

Հունարենը մէղմ Է, hռոմեական լեզուն՝ հզոր, հոներենը՝