Jump to content

Էջ:Calendar Hanragitak (Հանրագիտակ օրացույց).djvu/7

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Հայկական երկրորդ տարեգլուխը եղել է Նավասարդի 1֊ը (օգոստոսի 11-ը)։

Ըստ ավանդության, Հայկ Աղեղնավորը Հայոց ձոր գավառում սպանել է բռնակալ Բելին և ազատություն պարգևել իր տոհմին ու իր բոլոր հետնորդներին: Այդ հաղթությունը ենթադրաբար տեղի է ունեցել մեր թվականությունից առաջ 2492 թվականի օգոստոսի 11-ին: Այդ ժամանակվանից էլ հայերը Նոր տարին սկսել են տոնել օգոստոսի 11-ին: Միջնադարի նշանավոր տոմարագետ Հովհաննես Սարկավագը հավաստում է, որ եբրայեցիների տոմարի հիմնադիրը Մովսեսն է, իսկ հայկական տոմարի հիմնադիրը՝ Հայկը:

Օգոստոսյան տոնը հայերը կոչել են Նավասարդ, որ նշանակում է նոր տարի [նավ (նոր)+ ա(հոդակապ) + սարդ (տարի]:Նավասարդի ամենամեծ հանդիսությունը տեղի էր ունենում Արածանի գետի ափերին, Նպատ լեռան փեշերին: Տոնախմբությանը ներկա էին լինում երկրի թագավորն ու թագուհին, նշանավոր արքունականներ, զորապետներ, նաև՝ հայկական բանակը: Այստեղ գալիս էին Հայաստանի համարյա բոլոր գավառներից: Բայց դա սոսկ հաճույք պատճառող տոնախմբություն չէր, դրա մեջ կար ազգային միասնության մեծ խորհուրդ: Տոնախմբությունը տևում էր մի քանի օր: Դրանցից մեկը կոչվում էր գինարբուքի օր: Այդ օրը մարդիկ խմում էին քաղցր հյութեր, թեթև խմիչքներ: Նավասարդավորների մեջ հարբեցողներ հազվադեպ են եղել: «Աստվածներն ամենից շատ որոմ են թողնում հարբեցողի արտում»՝ ասում է հայկական հնագույն առածը: Այդ տոների ժամանակ նույնիսկ ուտելիքն է չափավոր եղել: Իհարկե, ուտելիքի մի ընդհանրական ցանկ չի եղել, որ պարտադիր լիներ Հայաստանի բոլոր կողմերի բնակիչների համար: Չպետք է մոռանալ, որ Հայաստանը բազմակլիմա երկիր է եղել և նույնիսկ երկու իրար հարևան գավառներում նույն բերքն ու բարիքը չեն ստացել: Տարբեր գավառներում տարբեր ուտելիք են օգտագործել:Այնուամենայնիվ ուսումնասիրությունները հավաստում են, որ Նոր տարվա հայկական ուտելիքները ինչ-որ չափով միասնական են եղել, որով բնորոշվել է բոլոր հայկական գավառների Նոր տարվա տոնասեղանների ազգային բնույթը: Այդ սննդատեսակների մեջ առաջինը եղել է հայկական կլորահատիկ ցորենը, որն աճել է միայն Հայաստանում: եվ Նոր տարվա սեղանին մեր նախնիները դրել են հենց այդ ցորենից պատրաստված հաց, որպեսզի հայոց հեթանոս աստվածները բարեբեր դարձնեն Նոր տարին: Երևի այդ հեռավոր ժամանակների հավատալիքի