Jump to content

Էջ:Collected works of Atrpet.djvu/105

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նրանց կրթության վրա հիանալ։ Նաժիշտներից մեկը ոսկեհեր, կապույտ՝ երկնագույն աչքեր ուներ, մյուսը շագանակի մազեր, ձիթագույն բիբերով։ Երկուսի էլ մորթը ձյունի նման սպիտակ էր, երկուսի էլ այտերը վարդի նման, իսկ շուրթերն ու ականջները կարծես որդան կարմրով ներկած լինեին։

Թե՛ տիկինը և թե՛ նաժիշտները բեհեզի թափանցիկ հանդերձ էին հագած, տիկնոջը՝ վարդագույն, իսկ նաժիշտներինը՝ մարմնագույն, որոնց մեջ ամփոփված մարմնի ձևն ու կազմը նկատվում էր։ Տիկնոջ գլխի վարսակալը, ոսկեզօծ կապերն ու նրանց միջի գույնզգույն գոհարները նրան զանազանում էին հարճերից, որոնց վարսակալը թարմ վարդերից էր հյուսված։ Քարավանի երիտասարդների և քաջամարտիկների աչքերն ու ուշքը կենտրոնացած էին տիկնոջ, հարսների ու օրիորդների պատգարակներին, որոնց բոլորի էլ հագուստի ու զուգսի մեջ շատ քիչ տարբերություն կար։

Զրահավորված կտրիճները գնում էին պատգարակները շրջապատած, նետ-աղեղները, սուր նիզակները միշտ ձեռքներին պատրաստ, շրջահայաց, որ կարևոր դեպքում կարողանան անակնկալների դեմ մարտնչել, վայրի գազաններից և լեռնական հրոսակներից պաշտպանվել։ Կտրիճները շրջապատած էին երկու դեռահաս իշխանի, որոնցից անդրանիկը պատգարակների աջ և կրտսերը՝ ձախ կողմից էին առաջնորդում հետևորդներին։

Ջորիներին, ուղտերին և գրաստներին բեռնավորված տանում էին ուխտավորների վրանները, փռվածքը, ուտելիքի պարկերը և զոհերը։ Յոթ զարդարված երկծին խոշոր ցուլեր առաջ էին վարում, յոթ վարազ, հատկապես որսված Արմավիրի շամբում և փակված պատգարակ վանդակներում կրում էին հատուկ գրաստներ։ Յոթանասունը յոթնական գառ և ուլ հինգական ամսվան, յոթ մեծամեծ վանդակներում զետեղված էին հավ, բադ, սագ, տատրակ, կաքավ, փասիան և աղավնի, որոնք ուղտերին էին բեռցած։ Գրաստները տանում էին յոթ զույգ այծի տկերով գինի, եզներին բարձել էին յոթ կրկնաջվալ շարմաղ ալյուր, յոթ մախաղ օսլա, յոթ պարկ չամիչ ու նուշ և յոթանասուն խախալով բաղարջ ու գաթա։