Jump to content

Էջ:Collected works of Atrpet.djvu/110

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

երկնքի տակ այնպիսի սքանչելի տեսարան էին կազմել, որ գրավել էին քարավանի ոչ միայն քնքուշ սեռի աչքն ու ռունգը, ուշքն ու միտքը, այլ նույնիսկ ջորեպաններն ու բանվորները հիացած էին բնության հրաշալիքներով։ Քարավանը գիշերն անընդհատ, մինչև լույս շարունակելով իր ուղին, հոգնած ու դադրած, թուլացած ու տանջված էր հասցրել ուխտավորներին լեռան բարձունքը, բայց զով եղանակը, անուշ բույրը, մանավանդ արշալույսի բազմերանգ տեսարանները այնպես էին հրապուրել ուխտավորներին, որ նրանք մոռացել էին իրենց ջարդված ոսկորների ցավն ու խոստուկը, դյութված բնության հրաշալիքներից, անհագաբար զննում էին շրջապատը, հեռավոր հորիզոնը և ագահաբար ծծում, շնչում անուշ բույրը։ Լեռների բարձունքից աչքի էին ընկնում ծովահայաց լեռնագագաթները։ Արագածն ու Ծաղկոցաձորի բարձունքը, Մասիսն ու իր մանրունքը, Բարդողն ու Սուկավետը, որոնք շրջապատում էին Ուրարդի ահավոր դաշտը։ Սրանց գերիշխում էր գեղատեսիլ Մասիսն իր սպիտակափառ գագաթով, արծաթափայլ ճառագայթներով։ Որքան վեր էր բարձրանում քարավանը, այնքան վեհանում և սքանչանում էր տեսարանը։

Վերջապես քարավանը հասավ Վիշապազանց սարահարթները, երբ արևի աոաջին շողքը պսպղաց հորիզոնի ետևից և երկնքում նկատվեցին լուսափայլ ճառագայթները։ Հեռվից նկատեցին վիշապազունների մեծամեծ ավազաններն ու լճակները, իրենց լուրթ, կապույտ ջրերով, դալարապատ ափերով և միգապատ բարձունքներով։ Լճակների հայելանման հարթ մակարդակների երեսին իսկույն ցոլացին սպիտակ ճաճանչները, կարծես երկնային շողը վայրկենական արագությամբ արծաթապատեց ջրերի խաղաղ երեսները։ Ահավոր լեռնադաշտի երեսը ծածկված էր մի քանի տասնյակ ավազաններով, որոնց մեջ ամեն կողմից նկատելի էին սրբազան Վիշապազանց տոհմի ձկնանման անդրիները զանազան ձևերով ու դիրքերով։ Ամեն մի ավազանում մի քանի տասնյակ վիշապարձաններ էին կանգնեցրած՝ ձկի մարմնով, ուղղաձիգ, որոնց աչքերը երկինք հառած, բերանները վերի կողմը բացած, կարծես տքնում էին երկնքից ամպերը ցած քաշել, ծարավները