Jump to content

Էջ:Collected works of Atrpet.djvu/114

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նկատելով, չի թողնում երկիրն ու չի բարձրանում իր պաշտելի Վիշապահոր մոտ։

— էլ ի՞նչ աստվածներ են, որ իրար սիրով տապում են և իրարից անջատ են ապրում, իրենց բաղձանքին չեն կարողանում հասնել,— ասաց դեռատի իշխանը, ուշքն ու միտքը լարած լսելով նվիրակի նկարագրությունը։

— Շատ պարզ է, շատ որոշ,— ասաց ժպտալով ծերուկ նվիրակը։— Եթե լավ մտածենք, աշխարհում ոչ մի բույս, ոչ էլ կենդանություն չենք կարող գտնել, որ աճած լիներ առանց Վիշապահոր զգալի ներգործության։ Հեռացրու ջուրը, բաժանիր խոնավությունը ամեն մի կենդանությունից, նա իսկույն կչորանա։ Իսկ չորանալը մահվան և ջնջման հետևանք է։ Վիշապամայրն անջատվել է Դիաուսից՝ արևից, որ կյանք տա, հավերժական կենդանություն բաշխե աշխարհին։ Եթե կյանքը աշխարհում մեռնի, մեռած է ինքը՝ Վիշապամայրն իր ամբողջ սերնդով։ Որովհետև անմահ է և հավիտենական Վիշապամայրը, նրա անմահությունը աշխարհի կյանքի մեջն է։ Առանց ջրի աշխարհի երեսին չի կարող բեղմնավորվել ոչ մի սերմ։ Ամեն կյանք անմիջապես կդադարի, եթե մի ժամ, մի օր դադարեցնե Վիշապահայրը իր գորովալի խնամքը։ Եթե դադարի կենդանությունը, իսկույն պետք է դադարած համարել Վիշապամոր գոյությունը։ Նախ պիտի անհետանա ջուրը՝ խոնավությունը, ցողն ու անձրևները, որպեսզի ջնջվի կենդանությունը։ Իսկ ով կարող է ջնջել ջուրը։ Կենդանական և բուսական աշխարհը ինքը՝ Վիշապահայրն է կերպարանափոխված պատկերներով, ինքն է, որ սնանում է Ոսկեմոր կաթով և ինքն է, որ իրեն կյանք է տալիս։ Ո՞ր արարածը, ո՞ր գոյությունը կարող է ինքն իրեն չսիրել, կարող է ինքն իր գոյությունը ջնջել։ Ահա այս պատճառով Ոսկեմայրն ու Վիշապահայրը թեև իրարից անջատ են ապրում, իրար սիրով տառապում են, բայց ամեն րոպե, ամեն մի վայրկյան իրար ընդհարվում են։ Նրանք իրենց բաղձանքին հասած են, միայն թե իրենց գոյությունը հավերժացնելու համար անջատ և իրար կարոտը քաշելով են ապրում։

— Ուրեմն մենք էլ Վիշապամոր մասն ենք կազմում, մենք