Էջ:Collected works of Atrpet.djvu/117

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հակառակորդ է։ Վիշապափայլը փայլատակում է, անգթաբար կայծակնահարում աջ ու ձախ կենդանությունը, իսկ Վիշապաքաղը որոտում է, դղրդացնում, սասանեցնում է աշխարհը։ Այս պատճառով հափշտակողները, ղրկողները դատապարտված են այդ զույգին զոհեր մատուցանելու, կույսեր ընծայելու, սրանց սրտերն ամոքելու, որպեսզի ազատվեն դրանց զարհուրելի վրեժխնդրությունից ու պատուհասներից։ Երեկ իրիկուն անշուշտ նկատեցիր Վիշապաքաղի մեհյանի որմերի վրա քանդակած բազմաթիվ երկծայր, կայծակնացայտ, ոսկեփայլ, հղկուն Գեղարդները, որոնք գործածում են ամպրոպային որոտներով երկնքից ի վեր իջնելիս, շանթեր ու բոցեր տարածելիս, բույս ու կյանքն այրելու, մրրկելու և ջնջելու համար։

Այս պատմության տպավորության տակ առաջ էին գնում նվիրակը, իշխանը և ընկերակիցները դեպի մեծ ավազանի ափը, ուր սովորաբար երևում էր Անուշ մայրը կամ Վիշապամայրը ուխտավորներին, նրանց երկրպագությունն ընդունում և երբեմն էլ պատգամներ էր տալիս։ Վիշապամայրը երևում էր միայն պարզ օրերին, արևի բարձրանալուն մոտ։ Այս պատճառով շտապում էին րոպե առաջ հասնել լճակի ափին, տեսնել Անուշ մորը, նրա օրհնություններին ու պատգամներին արժանանալ։

Ծայգուն սառը զեփյուռը փչում էր։ Հովի մեղմիկ սուլոցների հետ լսվում էին հուշկապարիկների երգերի քաղցր եղանակները, որոնք արշալույսին խումբ-խումբ բոլորված վիշապանվեր անդրիների շուրջը, սրտագրավ ձայնով մեղեդիներ էին երգում, կենդանիների ուշքն ու միտքը կենտրոնացնում ավազանի ջրերի կողմը, ուր սովորաբար հայտնվում՝ էր Վիշապամայրը։

Հուշկապարիկների ձայնը ոչ միայն գրավել էր ուխտավորների սիրտը, այլ նույնիսկ արալեզներն ու համբարուները, պայերն ու ճիվաղները միառժամանակ այդ ձայնից դյութվել հարբել էին, թողել էին իրենց բները, մոտեցել էին այրերի, որջերի մուտքերին՝ լսելու և զննելու ջրերի մեջ լողացողներին, երգողներին և պտրողներին։