Էջ:Collected works of Atrpet.djvu/118

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Միայն հրեշադեմ ալքերը թողել էին լույսն ու կենդանությունը, հեռացել էին մոտալուտ գալիք արևի ճառագայթներից։ Ոչ միայն ալքերի հակակրանքը սաստկանում էր Արեգական ոսկեզեղուն ճառագայթները աշխարհ գալուց, ոչ միայն չէին կարող համբերել, որ Լուսի հոր ջորմությունը տաքացնե, բեղմնավորե, աճեցնե ու զորացնե աշխարհի կենդանությունը, այլ նրանք փշաքաղում և ջղայնացած սրսփում էին, երբ հուշկապարիկները երգում ու նվագում էին, երբ կենդանությունը լսում, հրճվում և ծիծաղում էր այդ քաղցր նվագներից, եղանակներից և կաքավումներից։ Այն ժամին, երբ քնած ու մեռած կյանքը կենդանացել ու զվարթացել էր, ալքերը մտել էին իրենց ստորերկրյա մութ ջրախորշերը և ծածկվել էին խավարի մռայլ քողով, սպասելով աղջամուղջի վերադարձին։

Սրբազան ավազանների և լճակների մեջ կանգնած վիաշապական ապառաժյա արձանները ոչ միայն ծածկույթ չունեին, ոչ միայն անուշ ու վճիտ ջրերի շտեմարանների ափերը բուրջով, ոչ միայն անուշ ու վճիտ ջրջրի շտեմարանների ափերը բուրջով ու ցանկով չէր պատված, ոչ միայն ուխտավորրների համար օթևաններ չկային, այլ նույնիսկ Վիշապամայրը մեհյան չուներ, նրա պաշտամունքը բացօթյա էին կատարում։ Ավազակները բոլորած էին ուռիներով, գալարներով, իսկ հեռուն՝ լեռնալանջերը ծածկված էին մշտադալար մայրիներով, որոնք անդրադառնալով լճակների վճիտ ջրերի մեջ, սքանչելի տեսարաններ էին կազմում։

Ուխտավորների առաջընթաց խմբակն արդեն վաղ հասել էր ավազանների ափին, բլրակի մոտ վրանները բարձրացրել, մատաղների պղինձների տակը կրակը վառել, ծուխն ամպի նման երկինք էր բարձրացրել սպասում էր քարավանի հասնելուն։ Ուխտավորները թեև առաջ էին գնում, բայց միշտ զննում էին լճակի երեսին սահող մեղմիկ ալիքները, սրտատրոփ սպասելով Վիշապամոր հայտնվելուն։

Հանկարծ իշխանուհի Անուշը նկատեց հեռվից երևացող հուշկապարիկների խումբը, որոնք ինչ-որ կառաձև մի նավի բոլորած գալիս էին լճի արևելյան կողմից։ Տիկինն իսկույն