Jump to content

Էջ:Collected works of Atrpet.djvu/120

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

է Վիշապահայրը՝ ձեր կենսատուն։ Ձեզ փրկություն չկա, քանի որ կյանքն ատում եք, ջրից զրկում եք ընկերակիցներիդ դառն քրտինքի արդյունքը։ Առաջ հաշտվեցեք, սիրեցեք իրար, խաղաղվեցեք, ապա շնորհ և ողորմության սպասեցեք։ Արդար և անարատ եղեք, որ երկնային անապական կենսարար ջրերին արժանի դառնաք»։

Այս խոսքերը չավարտած՝ արևի սկավառակի շուրթը դուրս եկավ լեռան ետևից, և ճառագայթները ցրվեցան ամեն կողմ։ Արևի ճաճանչների հետ Վիշապամայրը ներս քաշեց գլուխը, թևերը ձկան մորթի մեջ, ընկավ գահին և հուշկապարիկների հետ վերադարձան դեպի արևելք, գնացին, գնացին ու անհետացան բազմաթիվ Վիշապազանց սյունացած անդրիների մեջ, ծածկվեցին ալիքների տակ։ Իսկ կույսերը լճափում կանգնած շարունակեցին իրենց մեղեդիները, մինչև որ իսպառ անհետացավ Վիշապամայրը իր հուշկապարիկներով։

Հենց այդ րոպեին մի քանի խումբ ուխտավորներ ևս հասան Վիշապազանց լճակների ափերին, որոնք նախորդների նման իրենց դիրքերի վրա չոքեցին զննելու Վիշապամոր հեռանալը և անհետանալը։ Վիշապամոր ընծայված կույսերը իրենց ձեռքերի ծաղիկները սփռեցին ծովի երեսին, կրկին շարան կազմեցին և շարերգով վերադարձան շուշանանման սպիտակ տաղավարները, որոնք բարձրացրել էին ուխտավորների սպասավորները։ Ուխտավորները ևս ոտքի ելան, շտապեցին, հասան քրմուհիներին և կույսերին, որոնք շարք-շարք կանգնել, երգում էին Վիշապազանց նվիրված շարական նվագներ։

Կույսերի և քրմուհիների թափորին ընդառաջեցին սպանդուհիները, որոնք եկել էին զննելու զոհաբերված մատաղացուները, զինելու սպանդները կազմ ու պատրաստ։ Սպանդապետը սպիտակ բեհեզներ հագած դուրս եկավ իր հատուկ տաղավարից, շրջապատած սպանդներով և մոտեցավ զոհի սեղանին։ Նախ քրմուհին վերցրեց լճակի անապական ջուրը սրսկեց սպանդների գլխին, օրհներգով և մաղթանքով մաքրեց նրանց։ Սպանդներն սկսեցին սրել իրենց արույրե դանակները և պատրաստվեցին զոհերը կատարելու։ Սպանդուհիք նախ կապկպեցին