ցուլերին և գլորեցին գետին: Սպանդները իրար ետևից կտրեցին ցուլերի վզերը մինչև ռենաշարը։ Սպանդապետը իրար ետևից զինեց սեղան բարձրացրած ամեն մի գառ և ուլ։ Վերջը սպանդապետը վերցրեց նիզակը, մոտեցավ կապկպված, կաշկանդված վարազներին և ուժեղ հարվածներով ծակեց նրանց կողերը մինչև սիրտը։
Ամբողջ ժամեր տևեց այդ զոհաբերությունը։ Իրար ետևից հասած ուխտավորները ներկայացնում էին քրմապետին, քրմուհիներին և սպանդներին, որոնց մատաղացուները ընդունում, օրհնում և մոտեցնում էին սեղանին կամ սպանդանոցին։ Երբ զոհերը կատարվեցան, ջրկիրները իրենց տկերով մեծ եռանդով ջուր կրեցին լճակից և մաքրեցին ինչպես զոհարանի վրա թափված կարմիր արյունը, նույնպես սպանդանոցի արյուններն ու փորոտիքները, որոնք իսկույն հեռացրին, տարան հորեցին հողի տակ, որ չապականվեն ինչպես նվիրական ջուրը, նույնպես անմահության օդը և Ոսկեմոր արգավանդ հողը։
Այս միջոցին քրմապետը մաքուր ջրով սրսկեց սպանդներին, սպասավորներին և ուխտավորներին, երգեցիկ խմբերն առաջ եկան, թմբուկների, ծնծղաների, քնարների, տավիղների, փողերի և շվիների օժանդակությամբ սկսեցին երգել ու փառաբանել Վիշապամորը, Վիշապահորը, Ոսկեմորն ու սրանց հարազատներին, որոնք իրենց բյուրավոր շնորհներով քաղցրացրել էին կյանքը։ Վիշապանվեր կույսերը խմբապար բռնած, շարան-շարան բոլորվել մեծ շղթա էին կազմել երգիչների, գուսանների շուրջը և թռչկոտում էին այնպիսի նազենի շարժումներով, կարծես թե ոտքերը գետնից կտրած օդի մեջ էին պարում։ Կլոր պարից հետո կանգնում էր խումբը, նվագարաններին աջակցում իրենց երգերով ու կաքավիչներին հրավեր կարդում կաքավելու և զվարթացնելու ուխտավորների բազմությունը։ Ուրախությունն ընդհանուր էր, տոնը ամենից պաշտված, Վիշապազանց ծեր ու մանուկ, պառավ, մատաղահաս, զգացմունքով արբած ու ոգևորված երգում էին։ Դաշտի խաշող օղից լեռները բարձրացած և զովերը հասած