ուխտավորները զվարճանում էին, անապական հով ու զով բարձունքում հրճվում էին։
Արեգակի զովացյալ ժամին Անուշ իշխանուհին դարձավ դեպի վրանները և հրաման տվեց սպասավորներին, որ իսկույն զոհի համար բերված ուտելիքն ու գինին տեղափոխեն քրմուհիների մառանները, որտեղից սովորաբար կերակրում ու կշտացնում էին երեք օր և երեք գիշեր ուխտավորներին։
Սպանդուհիները զոհերը կատարելուց, քերթելուց հետո մինչև շամփուրների և խորտիկների պատրաստելը, երգեցիկ կույսերը ձյունի նման սպիտակ բեհեզները հագներին, կապույտ գոտիները մեջքներին, կանաչ երիզները ուսերից խաչք դարձած, գլուխները վարդերով զարդարված, առաջ եկան նորանոր պարեր սկսելու։ Կույսերն երկու դասի էին բաժանված, կապուտաչվի և ոսկեթել մազվորները, որոնք նվիրված էին Անահիտին, այդ իմաստության և հանճարի բաշխողին, և սևաչյա ու գիշերափայլ մազվորները, որոնք ընծայված էին Վարդեհեր Աստղկան։ Խմբերն իրար դեմ երկու կիսաբոլորակ կազմեցին և սկսեցին կլոր պարը խմբական երգերով ու նվագարանների ձայնակցությամբ։ Նվագածուները իրենց քնարներով, տավիղներով, սանթուրներով, թմբուկներով, ծնծղաներով մոտեցան խմբին և տեղավորվեցան։
Գուսաններն երգեցիկների, նվագածուների հետ սկսեցին իրենց օրհներգը, որոնք գովեցին Վիշապամոր դստեր՝ Վարդեհեր Աստղկան, որին իսկապես նվիրված էր այդ օրը՝ Վարդերի տոնը։ Պարուհիներն իսկույն նազանի քայլափոխով սկսան ամբողջ մարմնով շորորալ նվագի եղանակի բախյունների համեմատ, որոնց տեսքը, շարժվածքը և թռիչքը գրավեցին ուխտավորների աչքերն ու սիրտը։
Գուսաններն երգերով պանծացնում էին Աստղկան սերն ու գորովը, պատկերն ու տեսքը, եռանդն ու աշխույժը, որոնցով մարդիկ ոգի ու զգացում ստացած ուրախ կյանք էին վարում։ Այս զգացման շնորհիվ մարդիկ երկիրը դրախտի էին վերածել, սիրո բոցերով իրար գրկել ու գգվել, երջանկության վարդաստան էին թևակոխել հրճվալի ու բերկրալի օրեր անցնելու։ Առանց Աստղկան առատաբար բաշխված սիրո և զգացումների