Jump to content

Էջ:Collected works of Atrpet.djvu/123

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կյանքը տխուր և անտանելի էին գտնում, առանց նորա շնորհած վայելքների մռայլ ու խավար պիտի դառնային բնության բոլոր տեսարանները։ Ինչպես Աստղիկն էր բաշխում կենդանի ու վառ աչքերը, նույնպես Աստղկան շնորհն էին համարում վարդագույն այտերը, փղոսկրյա կզակները, շամամ կրծքերը, նոճանման հասակը, կամար ունքերը, փայլուն ճակատը, բաբախող սրտերը և դողդողացող մկանները։

Երգչուհիների մյուս մասը, իրենց գուսաններով և կաքավիչներով իրենց հերթին սկսեցին երգել Անահիտի հանճարը, նրա հնարագիտությունները, մարդկության տված շնորհները, գեղեցիկ արվեստները, որոնցով մարդը դրախտի է վերածել անապատը, զարդարել է բյուր բարիքով և գույնզգույն ծաղիկներով ձորերն ու լեռնալանջերը, նույնիսկ ապառաժի քարքարոտ կողերը։ Ո՛րը գովում էր մուրճն ու կռանը, ո՛րը ներբողում կացինն ու սղոցը, ո՛րը ուշք էր դարձնել տալիս կառքին ու սայլին, ո՛րը գովասանում արորն ու խոփը, ձիու սանձն ու պայտը, նետն ու աղեղը, սանդերքն ու մաքուքը, նկարն ու արձանը, տավիղն ու շվին, մի խոսքով՝ այն բոլոր արվեստներն ու գործիքները, որոնք մարդը ձեռք էր բերել Անահիտի շնորհած հնարամիտ իմաստությունով։

Ամեն անգամ գուսանները մի տուն երգելուց հետո նույնը կրկնում էին պարուհիները և ոգևորված ետ ու առաջ տարուբերվում, ծածանվում էին իրար թևանցուկ, ոգևորությամբ զեղված։ Մեղմ զեփյուռը շոյում, ոգևորում էր երիտասարդության ալ ու վարդավառ դեմքերը, մազերն ու կրծքերը, արևի պայծառ ճառագայթների տակ ցոլացնում էր նրանց հրացայտ աչքերը, ոսկեփայլ մազերը և ողորկ մորթերը։

Աստղիկի պաշտամունքի երկրպագուները բնազդին էին ստրկացած և քարոզում էին հետևել զգացումներին, իսկ Անահիտի սպասուհիները առողջ դատողությանը բնազդից նախադասություն էին տալիս։ Անահիտը Վիշապամոր մարմնացած հանճարն էր, Աստղիկը՝ Ոսկեմոր զգացումների կենդանացած տիպարը։

Այս մրցումները և տեսարանները այնքան հրապուրիչ և գրավիչ էին, որ յոթ օրվան ճանապարհ էին կտրում հազարավոր