«Եթե սիրում եք երջանիկ և բարեբախտ կյանքը, եթե տենչում եք դրախտում ապրել, եթե ձգտում եք առաջ գնալ, այսօր ուխտավորներդ ուխտեցեք անմիջապես գործի ձեռնամուխ լինել և ջրանցքը բանալ։ Վիշապամայրը այնպիսի առատ ու անուշ ջուր է մատակարարել Գեղամա ծովին, այնքան անսպառ են նրա աղբյուրներն ու վտակները, որ այդ առվակի ջրով կարող եք ոռոգել ու հագեցնել ամբողջ Ուրարդա լեռնաշխարհը»։
Ցոլակ իշխանը բարձրացավ իր տեղից և մոտենալով քրմապետուհուն, ասաց.
— Ես ուխտ եմ գնում և խոսք եմ տալիս Վիշապազանց բարձունքում, որ ամբողջ գյուղիս ժողավրդով, երեք հազար բանվորով, մեր փետատով ու բահով իննսունը մի օր ամեն տարի աշխատենք այս սուրբ գործի համար և անմահական անապական ջուրը տանենք հասցնենք դաշտ։ Ցոլակ իշխանին հետևեցին մյուս գյուղատերերը, տիկիններն ու օրիորդները, և ամենքը սիրով հանձն առին երեք տարի աշխատել և առուն փորել։ Այս ուխտի վրա սկսեցին գովաբանական երգեր երգել, անուշ գինին խմեցին և վճիռը հաստատեցին։ Անահիտին ընծայված կույսերն սկսեցին իրենց վարդ պարը, ժողովրդի ուխտավորների հետ խառն թռան ու թռչկոտեցան, երգեցին ու զվարթացան մինչև հետին ժամերը և ընկան զույգ-զույգ ու մրափեցին։
Չորրորդ առավոտը դեո չբացված ամբողջ երկինքը ծածկվեց մռայլ ամպերով, ոչ միայն Վիշապազանց բարձունքը, այլ նույնիսկ դաշտի շրջակա բոլոր լեռները մինչև Բորդող, Սուկավետ, Արագած ու Զարիշատ մթագնել էր երկինքը։ Թեև մեգն ու մառախուղը պատել էր ուխտավորներին, անձրևը սպառնում էր նրանց թրջել ու տզկել, բայց ցնծության չափն ու սահմանը ավելի ոգևորիչ էր, քանի որ Վիշապամայրը հաշտվել էր ժողովրդի հետ, Վիշապահայրը ամպերը մղել էր դեպի դաշտերը ու շուտով ոռոգելու, վերակենդանացնելու էր բույսն ու բարին, անասունն ու կենդանին։ Լուսաբացին երկու ժամ մնացած սկսեց հորդ անձրև տեղալ ոչ միայն Ուրարդայի դաշտում, այլև Շիրակում և շրջակա բոլոր սարահարթերում: