Jump to content

Էջ:Collected works of Atrpet.djvu/132

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Բերսան դառնալով հարսի կողմը, ավելացրեց. — Սառա՛ , քիչ ջուր բե՛ր, Առաքելս թող լվացվի։

— Չեմ ուզում,— ասաց Առաքելը,— ջուր պետք չէ, Բերսա՛, դու նստիր:

Մայրը մոտեցավ և բազմոցի ծայրին նստեց որդու մոտ մտախոհ, ձեռքով որդու ճակատը շոյելով։

— Որդի՛, գլուխդ խո չի՞ ցավում, մի դարդ խո չունի՞ս,— ասաց վշտաբեկ մայրը, սրտատրոփ զննելով որդու դիմագծերի արտահայտությունները։

— Բան չկա, Բերսա՛, ոչինչ չունիմ,— պատասխանեց հանդարտությամբ Առաքելը։

— Մի ցավ ունիս, մի վիշտ ունիս, Առաքել, և ումնի՞ց ես ծածկում։

— Ոչինչ չունիմ, թաքցնելու բան չկա, բայց…

— Էլի ի՞նչ Բայց, ասա ու մի՛ սիրտս հատցնիլ:

— Փողերս հատավ… ես եմ ու այս ոսկի ու կեսը,— ասաց Առաքելը, ցույց տալով քսակի որքը, որը ժամանակից շատ վաղ դատարկվել Էր։

— Ի՞նչ անենք, որդի՛,— ասաց սրտի խորքից մի աղեկեզ հառաչանք բաց թողնելով Բերսան,— մեր ճակատին էլ աստված երևի այդ է գրել։ Մի կտոր հող չունինք, ո՛չ այգի, ո՛չ արտ, ո՛չ էլ մի խարխուլ խանութ։ Քսան տարի առաջ հայրդ էլ քեզ նման կարգվեց, երեք ամիս ամբողջապես քովս չկեցավ, գնա՜ց, կորավ, էլ չվերադարձավ…

Բերսայի աչքերը ցոլացին, արտասուքի մի քանի խոշոր կաթիլներ նրա այտերի վրայից գլորվեցին։ Նա ակամա ընդհատեց յուր խոսքը, բայց քիչ հետո հերոսաբար զսպեց կրքերը, սիրտը պնդացրեց ու շարունակեց.

— Բրիշակ դառնա այդ Սթամբոլն իրեն մեծ իմամի գլխին, որ աշխարհքն ազատվի։ Տարին քանիները պիտի երթան ու չվերադառնան։ Քանդվի, կործանվի ու չքանա Իսթամբոլն Էլ, իրեն ոսկին էլ, որ քանդեց ու ավերեց մեր տներն ու բները։ Ի՞նչ ասեմ, որդի՛, «մի՛ երթալ» չեմ կարող ասել, քանի որ քաղցած չենք կարող ապրել, ուրիշի դռան վրա մի հույս չենք կարող կապել։ «Բարով երթաս» էլ ի՞նչ սրտով ասեմ։