Էջ:Collected works of Atrpet.djvu/133

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մի փոքր ժամանակ մթնշող սենյակում լռություն տիրեց, մայր ու որդի, առանց իրար դեմքերը զննել կարողանալու, խորասուզվեց ան դառն մտքերի անհատակ անդունդը։ Բայց Բերսան, կրկին ուշքը հավաքած, խզեց լռությունը և որդուն հույս տալու, քաջալերելու համար ավելացրեց.

— Որդի՛, ի՞նչ անենք, ինչի՞ ես այդքան մտածում, մեր տղերանց վիճակն այս է, որ գնան, վաստակեն պանդխտության մեջ, տուն բերեն և ուտեն։ Գնա՛, աստված քեզ հետ, բայց…

— Էլ ի՞նչ բայց… քաջա՛ն, կերթամ էլ, կգամ էլ և հույս ունիմ, որ այս անգամ այնպես գամ, որ էլ հավիտյան կարիք չզգամ նորից պանդխտելու։ Ես խո էլ խամ չե՞մ, յոթ տարի կեցել եմ, սովորել ու փորձվել։ Այժմ ո՞վ ասես ինձ լավ ռոճիկով խոհարար չի պահի Բեյ-օղլիում։ Շատ, շատ, եթե չորս հինգ տարի Սթամբոլ մնամ, այնպես ետ կդառնամ, որ էլ բոլորովին ապահովված կլինինք և մինչև մահ իրարից բաժանվելու կարիք չենք ունենալ։

— Տանը խոսք տալը արժեք չունի, բանը մտադրածը գործադրելու մեջն է։ Մոր ու կնոջ մոտ մեծամտելու չէ, այլ հեռանալուց հետո մտքից հանելու չէ ընտանիքն ու օջախը հավիտյան։ Ինչ ասեմ, որդիս, մեկ գնացիր յոթ տարի մնացիր, հիմի որ գնաս քանի՞ տարուց պիտի վերադառնաս, այդ միայն տերը գիտե։ Դրսի մարդը ի՞նչ գիտե, բայց դու իմ ներքին բոլոր դարդերը երեք տարեկան հասակից զգացել ես ու քաշել, քեզ խո կրկնել պե՞տք չէ։ Բեմուրադ հորդ ճանապարհը սպասելով, քեզ հետ ամառ-ձմեռ սրա-նրա մանածն եմ մանել, մանուսան գործել, հազիվ ցամաք հաց ճարել ոա ապրել… Բայց էլ ծնկներումս ճար չկա, թևերումս ուժ չմնաց, սիրտս էլ մաշվել, մարմաշի պես բարակել է, դիմանալու հալ չէ մնացել։ Չորս-հինգ տարի՜… ասելը շատ հեշտ է, բայց դիմանալը տաժանելի։ Գնա, ճար չունինք։ Առաքել ջան, պիտի երթաս, բայց մի մոռանալ մեր անցյալը… Խղճմտանքդ զարթուն պահե, գութ ունեցիր մանավանդ այս կնոջդ վրա, որի արյունը մտար, որը քեզ շուտով մի զավակ է տալու։ Այն, ինչ որ ես եմ քաշեի աստված ո՛չ անե, ո՛չ թե Սառաս, այլ թշնամիս