հետ սփռվում էին օդի մեջ։ Հազիվ թե մի հարյուր քայլ բերդից հեռացել էին, Բերսան ետ դարձավ և ասաց.
− Խնամի Մարթա՛, Սառա՛, աղջիկս, բավական է, ետ դարձեք, գնացեք տուն։ Մենք էլ շուտով կգանք։
Մի վերջին համբույր ևս տվին Մարթան ու Սառան Առաքելին, արտասվալի աչքերով, անմռունչ տուն դարձան։ Երբ քիչ էլ առաջ գնացին, Առաքելը դեմքը շուռ տվեց բերդի կողմը, մի դառնաշունչ հառաչանք արձակեց անզգայաբար և մոլեգնած քայլերով շարունակեց իր ուղին, Սույոլի արտերի կողքերով։ Բերսան այնքան խորասուզված էր բաժանման դառն մտքերով, որ ոչինչ չնկատեց, իսկ Պապոն այնպես ձևացրեց, որ իբր թե չտեսավ ու անցավ։
Երեքով ճանապարհները անմռունչ շարունակեցին մինչև Կտրած ապառաժը, որտեղ Բերսան կանգնեց բարի չու մաղթելու յուր որդուն։ Դարձյալ համբուրվեցին մայր ու որդի, և Բերսան չկարողացավ զսպել իր արտասուքը, որ գլորվում է յուր չորացած այտերից, ինչպես ապառաժի երեսից սահում են իրար հետևից հալված ձյունի կաթիլները։ Մռայլ էր և Առաքելը, հոգով տխրած, բայց մայրը նրան մանկությունից այնպես էր վարժեցրել տոկալու, որ բոլոր ճիգովը ջղերը սանձած, անզգա, անկենդան ձևացած, սպասում էր մորից բաժանվելու վայրկյանին։ Չէր ուզում երիտասարդը, որ այդ վերջին րոպեում յուր որևէ անզգույշ բորբոքումով, փղձկել ու մղկտացնել մոր սիրտը, որն ինքնըստինքյան մորմոքումից ժայթքելու պատրաստ էր։ Բայց ուժերն սպառվեցին, և ջղերի լարերը կտրատվեցին․ մայրն էլ, որդին էլ հեկեկացին, գրկվեցին ու չէին կարողանում բաժանվել։ Լեզուները չէին շարժվում, մթնած աչքերը չէին տեսնում իրար դեմքերի, մկանների արտահայտությունները, բայց իրար սրտերի միջից անցածները զգում էին։ Կարող էին նրանք երկար ժամանակ այդ դրության մեջ մնալ, եթե Պապոն, որ նվազ չէր զգացված այդ պատկերով, սրտակտուր ձայնով նրանց չհիշեցներ, որ բաժանվելու ժամանակն է։
− Քեզ էլի ի՞նչ պատահեց, Բերսա՛,− ասաց Պապոն վշտաբեկ տիկնոջ թևից բռնելով,− նոր տեսածդ է, մի՞թե հարազատներիցդ