պարտքը վճարելուց հետո մի լիրա էլ տուն էր փոխադրել, որպեսզի մայրն ու կինը կարոտություն չքաշեն։ Ինքը անձնական ծախսեր չուներ, յուր պարոնի տան մեջ ուտում, ծխում, լվացվում, տիրոջ հին շորերը հագնում և բոլոր կարիքները հոգացվում էին։ Իսկ շռայլությունը ընտանիքից հեռացած պանդխտին սազ չէր գալ, նամանավանդ Առաքելին, որ փարայի ղադրը շատ լավ գիտեր, քանի որ օրական տասնևվեց ժամ խոհանոցի ճենճերում, ճթրտան ածուխ ի օջախի առաջ և դրանից բարձրացած կյանք մաշող ծխի ու գազերի մեջ տապակվելով էր ձեռք բերում այդ փարաները։ Նա արդեն հիմք դրել էր՝ ստացած գումարները տնտեսելու և երկու լիրա Ղալաթիայում մի հայտնի սարրաֆի տվել էր վեց տոկոսով, խոստանալով ամեն ամիս նրան հանձնել լիովին յուր ռոճիկը և ձեռք ընկածները։
Ձմեռ էր, բայց ո՛չ թե Հայաստանի բուքն ու բորանը։ Փորյասը (զեփյուռ) ձյան հատիկները խփում էր փողոցներից անցուդարձողների երեսին, թրջում դեմքերն ու ձեռքերը և կարմրացնում այտերն ու ականջները։ Պերայի փողոցները անտանելի ցեխոտ էին, քանի որ եկած ձյունը իսկույն հալվում և խառնվում էր մայթերի և սալահատակների վրա գտնված փոշիների մեջ։ Հարուստների և տաք հագնվածների համար մեծ զվարճություն էր կառքերով կամ հետի փողոցներում զբոսնելն ու չափչփելը։ Նրանց իրանները ամեն կերպով պաշտպանված էին ցրտից, խոնավությունից և ցեխից, իսկ կերած յուղալի ու ճարպալի խորտիկները մարսելու համար կարևոր էր այդ զբոսանքը, մանավանդ զվարթացուցիչ ու կազդուրիչ։ Ցուրտ քամին, ձյան հատիկները թարմացնում էին նրանց և անհետացնում ոգելից խմիչքների գոլորշին նրանց մարմնից։
Բայց այդպես չէր աղքատի համար, պանդխտի համար, որն ամառվան վերարկուի մեջն էր ձմեռն էլ, որի կոշիկների ծակոտիներից երևում էին մերկ մատները և մաշված թևերի միջից՝ արմունկները։ Նա դեռ հաճախ ենթակա էր հարուստին ճանապարհ տալու համար նեղլիկ մայթերից իջնել ցեխալի փողոցները և մինչև սրունքները լողալ տիղմերի մեջ։