Դեռ այդ հերիք չէ, էֆենդիների և բեյերի կառքերի, ձիաների և անիվների բարձրացրած տիլը ցայտելով, գլխից դարիվար ապականում էր ցնցոտիների մեջ կոլոլվածներին։ Այսպես ցեխոտված ու ցրտից ամբողջ մարմնով դողդղալով, Առաքելի հայրենակից Պեխքեյենց Պոտոն զարկեց Շիշմանների դուռը. Առաքելը նրան իսկույն խոհանոց տարավ և օջախի մոտ մի իսկեմլու (աթոռ) վրա նստեցնելով, ասաց.
— Պոտո՛, դու տաքցիր, մինչև ես տեսնեմ դուդուն (տիկին) ի՞նչ է ասում։
— Գնա՛, գնա գործիդ,— ասաց կակազելով Պոտոն և ձեռքերը ցամաքեցնելով Առաքելի անձեռոցով, տեղավորվեց օջախի առաջ։
Մի հավաքածու էր ներկայացնում Պոտոն յուր հագուստով, գդակը՝ թուրքի, փուշին՝ պարսկի, վերարկուն՝ ֆրանսիացու, ձիկվեն ու շալվարը՝ լազի, չստերը՝ հայի ու զբունը՝ քրդի։ Բայց բոլոր հագուստը մաշված ու մաղված էր, այնպես որ խոնավությունն ու ցուրտը անարգել թափանցում էին նրա շորերի ամեն կողմից, և թշվառ Պոտոն սրսփում էր ու ցնցվում ամբողջ մարմնով։ Առաքելը վերադարձավ և հայրենակցին Հանգստացնելու համար կրկնեց.
— Պոտո, դուդուն կերակուր ուզեց, ես նրանց հաց պիտի տամ, դու հանգիստ տաքցիր, մինչև ես գործս կարգի դնեմ։
— Լա՛վ, բանիդ, աշե՛,— ասաց կզակը դողդողացնելով Պոտոն,— քեզի գիր ունիմ, բայց հետո, հետո։ Ձեռքս չի բռնում, որ ծոցիցս դուրս հանեմ։
Առաքելը արդեն չլսեց Պոտոյի խոսքերը, նա պահարանները բաց անում, խփում էր, զանազան նյութեր էր առնում, այս կողմ, այն կողմ թռչկոտում, կարգի բերում յուր կերակուրները։ Մի քանի րոպեից եկավ աղախինը, մատուցարանները ձեռքին, հետզհետե սկսեց կերակուրների հոտը բուրել: Պոտոյի դատարկ ստամոքսը բորբոքվեց և ախորժակը գրգռված աչքը չռեց նրանց վրա, բայց Առաքելն այնքան զբաղված էր, որ այդ շարժումները չնկատեց անգամ։ Նա անդադար ձգվում էր այս ու այն կողմ և կարգի բերում ամեն բան, որ չլինի թե պակասավոր գտնվի և խոսք գա վրան։ Պոտոն տաքացավ,