Jump to content

Էջ:Collected works of Atrpet.djvu/144

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

դարած պարտեզը, պաղպաղակ ընդունելու և բլդակներ վայելելու։ Տան տիկիններն ու օրիորդները այս կողմ, այն կողմ էին դառնում, վազում և ցրված հրավիրյալներին պատվում, հյուրասիրում։ Աղախինները, որոնց թիվը այդ գիշեր սովորականից տասնապատիկն անցել էր, մի ակնթարթում կատարում էին տիրուհիների հրամանները։ Մատակարարը մառանից անընդհատ ափսեներով խմիչք ու մրգեղեն էր դուրս տալիս և քաղցրեղենների անուշ բուրմունքով գրգռում հրավիրյալների ախորժակը։ Պարերգերն ածում էին դաշնամուրի վրա չորս ձեռքով, ջութակի օգնությամբ, իսկ խաղամիջոցում թուրքական երաժշտական խումբը զբաղեցնում էր հասարակությանը պարտեզի մեջ յուր երգերով և նվագածությամբ։ Այդ միաձայն մեղեդին գրգռում էր ջղերը, մորմոքեցնում սրտերը, մանավանդ ալկոհոլի ազդեցության տակ ընկածներին։

Բազմամբոխ հրավիրյալները բաղկացած էին Պերայի զանազան դասերից՝ թե՛ ֆինանսական աշխարհից և թե՛ ինտելիգենցիայից։ Այդտեղ կային ևս մի քանի իսլամ պաշտոնականներ իրենց եվրոպական տարազներով զարդարված կանանց հետ, որոնք շատ ախորժում էին քրիստոնյա երիտասարդների հետ պարելուց։ Երիտասարդների և հասած օրիորդների թիվն անչափ էր։ Սրանք իրար խաբելու համար միջոցների մեջ ընտրություն անգամ չէին անում։ Բայց տարաբախտաբար ծերունիներն էին հրճվում, բերկրում օրիորդների գեղեցկությամբ և ձգտում նրանց իրենց ոսկե ցանցերի մեջ գլորելու, իսկ առույգ երիտասարդների սրտում միայն մատաղահաս, բայց հասակավոր ամուսիններ ունեցող տիկիններն էին տեղ բռնել։

Հրավիրյալների մեջ բոլոր երիտասարդների աչքը շլացրել ու գրավել էր տիկին Հելեն Գալֆայանը, որը գեղեցկությամբ երեկույթի թագուհին էր։ Տիկինը հազիվ քսանհինգ տարվան լիներ և թեև երեք զավակի մայր էր, բայց տասնվեց տարվան օրիորդի նման գողտրիկ և անմեղ ժպիտներով էր պատասխանում ամեն մի սրտաբուխ կայտառ հայացքի։ Տիկինը ամուսնացած էր Տիրան բեյ Գալֆայանի հետ, որը նախկին մայր սուլթանի առաջին ճարտարապետի թոռն էր և պապից