Jump to content

Էջ:Collected works of Atrpet.djvu/146

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կնոջը, ավելացրեց, — Մի քառորդ ժամ ևս կարող ենք մնալ,— ու բազմոցի վրա տեղավորվեցավ։

— Ղադայիֆ֊ղայմաղ,— ձայն տվեց տիկինը,— լիկյո՜ր, շամպայն,— և աղախինները իսկույն սկսեցին այդ բաժանել։ Ամեն կողմից կանչում էին․ կեցցե՜ Մագսուտ բեյը, կեցցե՜ Շիշման տոհմի կորյունը։

— Վերջին կադրիլր, զույգե՜ր, զույգե՜ր, առաջ,— ձայն տվեց պարի առաջնորդողը, և Միհդատ էֆենդին կրկին չոքեց Հելենի առաջ ու խնդրեց պարել։ Աղմուկն ու աղաղակը, պարողների ոտնաձայնն ու դաշնամուրի եղանակները կենդանացրին երեկույթը, և Տիրան բեյը պարտավորված կրկին նստավ թղթախաղի։ Միհդատ էֆենդին հանգամանքից օգտվելով, կրկին թևն առաջարկեց Հելենին, և միասին իջան պարտեզ։ Անկյունի քյոշքում տեղավորված պաղպաղակ պահանջեցին և սկսեցին առանձնության մեջ սրտի զգացումները իրար պարզել։ Առաքելը, որ մինչև այդ ժամանակ խոհանոցի բոլոր գործերը կարգի բերելով էր զբաղված, քրտնաթոր իրանով, կիսով չափ դուրս երկնցավ խոհանոցի լուսամուտից զովանալու և լսելով հոմանիների սիրազեղուն բացատրությունները, ակամա նրանց ականջ դրեց բորբոքված սրտով։

— Շատ նախանձոտն է ամուսինդ, եռ է գալիս, երբ նկատում է, որ դուք քաղցր ժպիտով եք ինձ մոտենում։ Ճշմարիտ, ինձ հաճելի չէ, որ ձեզ վրա նկատողություն անե, իմ պատճառով իրար մեջ տարաձայնություններ ունենաք, բայց սիրտս, զգացումներս դու խո՜ գիտես, որ չեմ կարող սանձել…

— Ես չեմ էլ ցանկալ, որ սանձես, դու անհոգ կեցի՛ր, դու թույլատրի՛ր ջղերիդ սանձարձակ գործելու, ինձ թող, որ ես կարգադրեմ մնացյալը։ Նրան մի հայացքով, մի բառով կարող եմ խաղաղեցնել։ Հանկարծ տիկինը հրամայեց ընթրիք տալ։ Աղախինները մտան խոհանոց։ Այս ու այն կողմից բան էին պահանջում, իսկ Առաքելը չէր երևում։ — Առաքե՛լ, Առաքե՛լ,— կանչեցին, որը սթափված ներս ընկավ և սկսեց կերակուրները կարգավորել ու ներս տալ։