բայց նա այնպես հուզված ու մոլորված էր, որ շփոթվում էր, խառնվում…
Ընթրիքից հետո Մագսուտ բեյը, երբ ճանապարհ դրեց յուր հյուրերին, կանչեց Առաքելին յուր մոտ և ասաց զայրալի.
— Առաքե՜լ, ի՞նչը քեզ ստիպեց այդպես անարգելու իմ հյուրերին, այդ ինչպիսի՞ կերակուրներ տվիր։
Երբ խեղճ խոհարարը լռել էր, չէր իմանում ի՞նչ պատասխանել, բեյը անարգական խոսքերով հանդիմանում էր նրա վարմունքը։ Առաքելը, ճարահատ, գրպանից հանեց տանից ստացած հետևյալ նամակը և հանձնելով բեյին, ասաց.
— Ես մոլորված էի, ես այլևս չեմ կարող ծառայել, պարտականություններս ճշտությամբ կատարել։ Մագսուտ բեյը կարդաց հետևյալ նամակը, որ գրել էր Սառան Առաքելին.
«Իմ անգին թագ ու պսակ՝ Առաքել ջա՜ն.
«Չգիտեմ, գիրս որտեղի՞ց սկսեմ, ի՞նչ գրեմ, քանի որ թուղթն ու գիրը քո սիրտը չի կակղացնում, քու հոգին չի բորբոքում, խելքդ, միտքդ տվել ես ժանտ ոսկուն, կպել ես Սթամբոլին, մտահան արել քու տունն ու քու տեղը, քու մորն ու քու պապերի գերեզմանը, քու կնոջն ու քու մատաղ որդուն։ Երեք տարով գնացիր, ահա յոթը տարին բոլորեց, ութերորդի մեջ մտավ։ Դու գութ չունի՞ս, դու սիրտ չունի՞ս, դու հոգի չունի՞ս… Ի՞նչ անեմ, թե շատ փող ես դիզելու և այնպես տուն դառնալու։ Ինչի՞ս է պետք քու ժանգոտ ոսկին, որ ինձ ոչ կթարմացնե, ո՛չ կառողջացնե, ոչ էլ մի օրով կյանքս կերկարե։ Թո՛ղ քիչ ունենամ, թո՛ղ ցամաք հացով փորս կշտացնեմ, թո՜ղ իմ գործած կտավով ու մանուսով իրանս ծածկեմ, միայն թե դու տանդ գլխին կենաս, ես էլ քու շվաքի տակ գործեմ։ Դու որ քովս լինիս, ես է՛լ բանի պետք չեմ ունենալ։
«Անտոն ապարի հետ ուղարկածդ ղութնին, ալաջան ու ջանֆեսը հասավ, դրի սնդուկս առանց ծալքերը բանալու, ձևելու ու կարելու, առաջվա ղրկածներիդ մոտ։ Ինչի՞ են պետք թանկագին կերպասները, ատլասն ու դիպակը, շալն ու մետաքսը, քանի որ սիրտս, հոգիս սգի ու շիվանի մեջն են։ Հորս տնից բերածս ջեհեզը դեռ չէ մաշած, քու կտրել տված