Էջ:Collected works of Atrpet.djvu/149

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

իսկ վրան մի հայացք գցելու։ Բայց պարտքս կատարած լինելու ցանկությամբ մաշվիլս, քրքրվիլս, հալվիլս, աչքիս չի երևում: Կրկնում եմ, քառապատկում եմ նախորդ գրածներս, ես ձեռքից ելա, էլ ուժ չունիմ դիմանալու։ Ականջիդ բուրդը հանի՛ր, Առաքե՛լ, ինձ անդանակ մի՛ մորթիլ, տուն արի՛, ետ դարձիր, տիրություն արա՛ քու զավակիդ, քու մորդ։

«Խեղճ պառավս՝ մայրդ, արդեն գլգլել է։ Տարիքը շատ չէ, բայց տանջանքները, դու խո՛ լավ գիտես, ցեցի նման նրան կերել են ու մաղել, ծակծկել են ու թողել։ Արի կատարի՛ր նրա փափագը և քեզ տեսնելով, գուցե քիչ սիրտ առնե, զորանա և մի քանի տարով կյանքը երկարի։ Մի՛ դատարկ խոստումներով մեր սրտերը բորբոքիլ, խոսքդ, խոստումդ կատարիր տղամարդու պես։ Քանի՞ մեզ վրա ծիծաղեցնես մեր չարակամներին։ Ահա չորս տարի է շարունակ նամակներով և ճամփորդներով մեզ խաբխբում ես՝ «կգամ, գալիս եմ, այս տարի, այս աշուն, գալ ամսին», որով ավելի ու ավելի բորբոքում ես մեր սրտերը։

«Անտոն ապարի հետ մի հայելի էիր ուղարկել, երանի ճանապարհին ջարդված լիներ, ծովն ընկներ և տուն չհասներ։ Խաբվեցա, մեջն աշեցի։ Սառադ ձեռքիցդ գնացել է, ոչ գույնն է մնացել, ոչ կյանքը, այլ չոր ոսկոր ու մաշկ։ Ես կարճ գրեցի, դու շատ իմացիր։

«Ոչ փողդ ենք ուզում, ո՛չ հալավ, միայն քու ներկայությունդ կարող Է մեզ կյանք տալ։ Ի՜նչ գրեմ, Սթամբոլը բրիշակ դառնա, քար քարի վրա չմնա, որ դու էլ անճարացած տուֆ դառնաս և խաղաղի աշխարհքը։

«Է՛լ ո՛չ գիրդ է պետք, ո՛չ խաբար, թե մեզ սիրում ես, թե մեզ համար բաբախում է քու սիրտը, ինքդ ընկիր ճանապարհ, արի խնդա, խնդացուր, աչքերիս արտասուքը ցամքեցուր, չորցուր:

«Քո կողակից և աղախին Սառա»:

Շիշման Մագսուտ բեյը այնքան վրդովվեց այս նամակից և այնպես զգացվեց, որ բորբոքված ասաց.

- Այսօր անմիջապես պատրաստությունդ տես և ճանապարհ ընկիր։ Գնա, երեք ամիս կեցի′ր ու էլի վերադարձիր»: