Էջ:Collected works of Atrpet.djvu/155

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գրավողների դասը կանցնիմ և այն ժամանակ ինձ էլ նրանց հետ հինգ կամ տասը տոկոսով կկամենան բավականացնել ու ճանապարհել։

— Դու գործի հանգամանքը պատմիր Հելեն խանումին, նա կարգի կդնե։ Ես հավատացած եմ, որ նա այնքան բարի է, որ երբ իմանա քու վիճակը, յուր միջոցներից քեզ կբավականացնե։

― Լավ է, իմ յոթ տարվան դառն աշխատությամբ դատածս, խոհանոցի ճենճերի մեջ, վառարանի դիմաց, խորովվելով ու տապակվելով վաստակածս, անդադար վազելով, անքուն, հոգնած, քրտնաթոր շահածս դրամը նրա ամուսինը խաբեությամբ ձեռքիցս խլե, կնոջ սնդուկը լցնե, կեղծ կալվածագրերով ամբողջ անշարժ կայքը կնոջ անվան վրա դարձնե, հազարներով, ոսկով ու գոհարով կնոջ արկղները լցնե, և ես իմ դառն տանջանքով ձեռք բերածս, իմ ընտանիքիս միակ հույսն ու կյանքը կազմող դրամագլուխս գնամ նրա կնոջ ոտքերը ընկնելով ողորմություն խնդրեմ…

― Տե՛ս, մեկ տե՛ս այս գավառացի լեռնականին, որքա՜ն գոռոզն է եղել… որքա՜ն մեծասիրտ…— ասաց մրմնջալով Մագսուտ բեյը,— որ խնդրես, քեզնից ի՞նչ կպակսի…

— Ներեցե՛ք, բե՛յ, ո՛չ գոռոզ եմ, ո՛չ էլ մեծասիրտ, այլ սոսկ մշակ։ Գոռոզն ու մեծասիրտը, գլուխը քաշ գցած, յոթ տարի ձեր խոհանոցում անմռունչ չէր տքնիլ։ Եթե ձեզ նման հարուստներ չենք, բայց ստրուկ էլ չենք ծնված։ Մենք էլ մեզ համար մարդ ենք, պատիվ, զգացմունք ունինք։ Ի՞նչ անենք, որ խոհարարությամբ կամ սենեկապանությամբ ենք մեր հացը ճարում, դա կարծում եմ ամոթ չէ, բայց մուրալու երբե՛ք չենք կարող զիջանիլ։ Ես իմ այս դրամագլուխը, դու ինքդ լավ գիտես, որ մեծ տանջանքով, ամբողջ կյանքս ծյուրելու գնով, բայց ազնիվ միջոցով եմ ձեռք բերել։ Յոթ տարի ձեր դռանը գլուխս կախած, ընտանիքիս և զավակիս կարոտով տոչորված, ամեն տեսակ զրկանք տանելով եմ գումարել, որ ի՜նչ է՝ տուն վերադառնամ և խաղաղեցնեմ ալեծուփ ընտանեկան կյանքս, ամոքեմ նրա վշտերը և կորցրած առողջությունս դարմանեմ, կազդուրվիմ։ Ասե՛ք, խնդրում եմ,