Տիրան բեյի վրա պահանջք ունեին ընդհանրապես մեծ կապիտալիստները, Մանչեստրի, Լիվրպուլի, Դրեզդենի գործարանատերերը։ Այդինի, Անգյուրիի և Ադանայի բրդի, բամբակի, քիթրայի, գղտորի վաճառականները և կալվածատերերը, բայց մանր-մունր պահանջատերեր էլ շատ կային։ Միայն Առաքելը չէր նրա թշվառ զոհը, այդպիսի փոքրիկ դրամատերեր շատ կային, որոնք ինչ-ինչ ապագայի հույսերով իրենց տնտեսած գումարները պահ էին տվել նրա դրամարկղը և այսօր Առաքելի հետ սգում էին։
- Մարգարե չես, բայց գուշակություններդ ուղիղ են, Առաքե՛լ,- ասաց մի օր սրճարան մտնելով Առաքելի թշվառ ընկերներից մեկը, որը նույնպես հարյուր քսան լիրա պահ էր տված Տիրան բեյի գրասենյակում,- Մարգարն ու Մարտիկը գնացել, լիզել են Հելեն խանումի կոշիկների գարշապարը և տասնական ոսկի ստանալով, փակել իրենց հաշիվները։
- Մինաս աղբա՛ր, չասի՞, որ նրանք ստորաքարշ անասուններ են, նրանք ցածհոգի, լղպոր սողուններ են, որ կարող են ամեն ինչ մրոտել, աղտեղել։ Նրանք, որ այնպես գոռում-գոչում, պոռնկի նման արտասվում էին, զգում էի, որ մեզ դավաճանելու էին…
- Փողերն ստացել են ու իրիկունն իսկույն ճանապարհ ընկել։
- Իբրև թե մենք ընտանիք, զավակներ, սիրելիներ չունենք, մենք պարտեզում աճած խոտեր ենք… Մենք էլ կարոտ ենք քաշում, տապակվում ենք, բայց գործը…
- Հարյուրհիսունական լիրան տասնական լիրայով և մի-մի բիլեթով են վերջացրել…
- Գոոնե գային, մարդ երեսներին երկու խոսք գոնե ասեր, սիրտը հովացներ, հետո էլի երթային… Այդպիսի ընկեր լքողներն են մարդու հուսահատեցնում, ապա թե ոչ, ինչի՜ Տիրան բեյերն ու Հելեն լրբերը պիտի կարողանան մեր դառն աշխատանքով ձեռք բերածը կուլ տալ։ Բայց ոչինչ, ով ուզում Է հրաժարվի, ես իմ մի փարայից հրաժարվողը չեմ, եթե մինչև անգամ դրա համար զոհվելու Էլ լինիմ…