Jump to content

Էջ:Collected works of Atrpet.djvu/164

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հետ հավաքվել էին Այա-Սոֆիայի մոտ գտնված Թիջարեթ մեջլիսի (վաճառականական դատարան) մեծ դահլիճում և իրար հետ միտք էին փոխանակում։ Ամեն մի փաստաբան յուր ձեռք բերած փաստերն էր ընկերակիցներին հայտնում և նըրանց խորհուրդը լսում։ Պահանջատերերն էլ, ճաշի նստած տիկնոջ բերանին ու աչքերին նայող շների նման, դիտում էին իրենց փաստաբանների շրթունքների ամեն մի շարժումները և ուշի-ուշով լսում արտասանած խոսքերը։

Դեռ ո՛չ դատավորներն էին հավաքված, ո՛չ էլ պատասխանատուները իրենց փաստաբաններով, բայց դատավարական սրահի բազմոցների վրա տեղ էին բռնել Կ. Պոլսի երկսեռ հասարակության հետաքրքիր ներկայացուցիչները։ Ղարագյոզի տեսարաններին վազեվազ հաճախող հանդիսատես–խանումները իրար ետևից շտապում էին տեղ բռնելու և լսելու Հելեն խանումի դատավարությունը և դրա վախճանը։ Դեռ սանդուխների տակ հանդիսականները պարտավոր են իրենց կրկնակոշիկները, հովանոցները, մահակները և վերարկուները պահ տալ դռնապահներին և սրանցից համարներ ստանալով կանխիկ վճարել դրանց վարձքը՝ քսանական փարա։

Նրբասրահում պտղեղեն, մրգեղեն, քաղցրեղեն և շաքարեղեն ծախողները անցուդարձ անողներին քծնանքով առաջարկում էին իրենց վաճառքները։ Կարկանդակ ծախողները իրենց եռոտանիներով ուշադրություն էին գրավում, օշարակ և ջուր ծախողները պատրաստի բաժակները մեկնում էին դեպի այս ու այն անցորդը։ Այնպես որ, եթե մինչև կեսգիշեր տևեր դատավարությունը, հանդիսականները քաղցն ու ծարավը հագեցնելու համար նեղություն չէին կրի, հարկավոր էր միայն քսակների բերանները բանալ և մի քանի սև փող ցրվել այս ու այն կողմը։

Մեծ աղմուկ էր տիրում նրբասենյակում, ամեն կողմ խումբ-խումբ հավաքված վիճում էին կամ դրա հարյուր քայլից ավելի երկայնությամբ ճեմելով՝ խոսակցում։ Այդ աղմուկը երբեմն֊երբեմն ընդհատվում էր պաշտոնականների և դատավորների ելումուտի ժամանակ և իսկույն շարունակվում։ Մինչև դատավորների հավաքվելը, դատաստանասրահը