փաստաբանի կողքին տեղ բռնեց, նստելով չոր, տախտակե բազմոցի վրա։ Աղախինը թեև անմիջապես տեղ գտավ հանդիսականների կողքին, բայց մի քանի անգամ պարտավորվեց տիկնոջ ակնարկին հետևելով՝ նրան մոտենալ, ինչ-ինչ իրեր առնել ու տալ։
Տիկին Հելենը այդ օրվա հերոսն էր. հանդիսականների աչքերը, կարճատեսների դիտակները ուղղված էին նրա կողմը։ Մարդիկ նրա գեղեցկությունով, կորովամտությունով, վայելուչ շարժումներով, առնացի քաջասրտությունով և նազենի հայացքներով էին գրավված, իսկ տիկինները՝ նրա արդուզարդով, շրջազգեստի, ժապավենների, դանտելների, օղերի, մանյակների, ձեռնոցների մանրամասնություններով։ Նախանձոտ կանանց սիրտը ավելի ծակում էր Հելենի այն խորամանկ և ճարպիկ խաղը, որով ոչ միայն գրավել էր իր ամուսնի ահագին կալվածներն ու կարողությունը, այլ մինչև անգամ շշմեցրել էր ոդջ Կ․ Պոլսի հասարակությանը։
Հելենը, նկատելով իրեն վրա սևեռված հայացքները, բոլոր ճիգով աշխատում էր, ճարպիկ դերասանուհու նման, արտաքին շարժումներով զբաղեցնել հասարակությանը, և նա այնքան ձիրք ուներ, որ կարող էր մտադրածը գործադրել։ Նա այնպես դիրք Էր բռնել, որ իբր չէր էլ նկատում, որ իրենով զբաղվողներ կային դատաստանասրահում և ողբերգակ երգչուհու նման գլուխը ուսերի վրա այնպես էր տատանում, որ կարծես վշտի, տանջանքի ալիքների վրա ցնցվում և տարուբերվում էր։
Առաքելը, որ աչքից չէր փախցնում Հելենի ամեն մի շարժում, իսկույն հիշեց Շիշմանի պարահանդեսի զարդին, որը պարտեզի քյոշքի մեջ պաղպաղակ էր վայելում Միհդատի հետ․ այրված սրտի բաբախումները հանգստացնելու տենչով, թեև Միհդատի սրտաբուխ ճոռոմաբանություններով և կիզիչ համբույրներով ավելի ու ավելի արծարծվում էին նրա իրանի և երակների մեջ բորբոքումները։ Այդ տեսարանը Առաքելին մտքով առաջնորդեց բոլոր այն վայրերը, որտեղ պատահել էր գեղանի Հելենին, նրա անթիվ երկրպագուների շրջաններում