Էջ:Collected works of Atrpet.djvu/167

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

և խորասուզվեց զարհուրելի մտքերի անսահման օվկիանում։

Դատավորների հանկարծակի մուտքը դատասրահի բեմը սթափեցրեց Առաքելին։

X

Դատավորների երևալուն պես լռություն տիրեց, և ամեն հայացք ուղղվեց նրանց կողմը, ուշադրությունները ամփոփած, լռելյայն լսում էին բոլոր հանդիսականները։ Բայց նախագահի սովորական քննությունը, սկզբնական դատավարության արձանագրության երկար ու բարակ ընթերցանությունը ձանձրացուցիչ էին մինչ այնքան, որ դատավոր-անդամները, քարտուղարն անգամ, մոռացած իրենց դերը, ստեպ իրենց հայացքը մեկնում էին Տիրան բեյի, մանավանդ Հելեն խանումի վրա, այնպես որ ավելի զբաղված էին գեղանի տիկնոջ հրապույրով և չէին էլ ըմբռնում ընթերցանության բովանդակությունը։

Միհդատ էֆենդին անդադար հանդարտ սրտով կարդում՛ էր երկար ու ձիգ արձանագրությունները, Գալֆայանի սնանկության պատմությունը և այն հանգամանքները, որոնք առաջացրել էին Տիրան բեյի առևտրական տան ձախորդությունը։ Երբեմն-երբեմն, ընդհատելով ընթերցանությունը, Միհդատ էֆենդին թեքում էր գլուխը աջ ու ձախ, իբրև թե հարցնում էր ընկերակիցներին, «կարդա՜լ և այսինչ արձանագրությունը», որին իսկույն մեքենաբար պատասխանում էին շըփոթված ընկերակիցները, կիսասթափ իրենց ուշաթափությունից, «բելի էֆենդիմ, էվետ էֆենդիմ» (հրամմեր եք, այո՛)։ Միհդատ էֆենդին, «ղասաբի» նման սառնասիրտ, առանց ուշք դարձնելու քերթված անասունի դիակին, անդամահատում էր միսը և դասավորում այս ու այն կողմը, այնպես որ նրա կարդացած արձանագրությունները, բացատրությունները և քննությունները կանխապես հայտնի լինելով հանդիսատես