Jump to content

Էջ:Collected works of Atrpet.djvu/168

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հասարակությանը, նրա տաղտուկը բերեց։ Ամենքի ուշադրությունը դարձյալ կենտրոնացավ Հելեն խանումի վրա, որը թեև դիակնացած դիրքով, բայց պարբերական հառաչանքներով և ցնցումներով, դերասանական նրբությամբ քաշում էր իր կողմը բոլորի հայացքները և այնպես էր ձևացնում, որ իբր այդ բոլոր հոգեկան տանջանքները առաջանում էին սառնասիրտ նախագահի զրպարտություններով լի արձանագրությունների ընթերցումից։ Նստած տեղում Հելենը երբեմն մեռելի դեմք և գույն էր ստանում, երբեմն բորբոքվում, շանթի նման կարմրում էր, այն աստիճան, որ կարծես աչքերից պեծեր էին ցայտում և երեսը ցոլում էր բոցափայլ շողքով: Երբեմն էլ արհամարհական ծիծաղով ժպտում էր այնքան նազենի, այնպես գողտրիկ, որ տասնևչորս տարվան անմեղ կույսի տիպար էր ընդունում և իրեն դիտող աչքերին խոնարհելու, ակամա ծնրադրելու ստիպում…

Ընթերցանության ավարտումից հետո, երբ պահանջատերերը պնդեցին իրենց փաստաբանների խնդրագրերով պահանջված քննությունները կատարելու, Միհդատ էֆենդին նախ գրավոր փաստերը պահանջեց և ապա վկաներին դատաստանասրահից հեռացնելով, սկսեց մեկ-մեկ վերջինների ցուցումները արձանագրել, փաստաբանների տված հարցերի հետ։ Կողմերի վկաներն ու վկայագրերը հերքում էին իրար ցուցումները, դատավորներին մնաց միայն գրավոր փաստերի և գոլություն ունեցող օրենքների հիման վրա կայացնել իրենց վճիռը։ Բայց որովհետև դատ վարողների մեծագույն մասը օտարականներ էին և ապելիացիայի իրավունքից զրկված, ուստի դատավորներն ամեն տեսակ նրբությամբ հետևում էին գործի մանրամասնությունների մեջ թափանցելու և ոչ մի կետ անուշադիր չէին բաց թողնում, որպեսզի կոնսուլների թարգմանների բողոքին առիթ չմնար։

Պահանջատերերի փաստաբանները աշխատեցան և իրենց ճառերով ուզեցին ապացուցանել, որ Տիրան բեյը երկար տարիների ընթացքում մտադրած է եղել կանխապես սնանկանալ և պարբերաբար բոլոր գործերին այնպիսի ընթացք է տվել, որ կարողանա ժամանակին արդարանալ։ Այս բանի գլխավոր