կամ երկու սյուները չեն կազմում, մի՞թե մի կապով չեն կապված երկուսն էլ։ Եթե Հելեն խանումը այնքան գումար ուներ, որ կարողանար գնել Տիրանի կալվածները, ինչո՞ւ այդ փողով նա չէր օգնում յուր ամուսնին, ինչի՞ էր թողնում այդ կալվածները ծախելու կամ ինչի ուղղակի ինքը չէր գնում, այլ նախ մի գործակալի, մի բարեկամի էր ծախվում այդ կայքերը, ապա նրանցից գնում էր տիկինը։ Ինչի՞ էր թողնում Տիրան բեյը կամ Հելեն խանումը ավելորդ ծախսեր անելու, պակաս գներով ծախելու կամ կալվածական թղթերի հաստատության համար կրկնակի վճարումներ անելու։ Եթե խորը դատեք, արդարությունը ինքն իրեն կներկայանա ձեր աչքերին։ Մի՞թե այս կետերը ձեր սրտերում կասկածներ չեն ծնեցնում։
«Կամ թե որտեղի՞ց այնքան մեծ–մեծ գումարներ մի տիկնոջ, որը յուր ծնողներից, բացի յուր բնական գեղեցկությունն ու ձիրքը, ոչինչ չէ ժառանգել և անձամբ որևէ առևտրական գործ չէ վարել։ Ասացե՛ ք, խնդրում եմ, պարբերաբար, տարեցտարի որտեղից էր ճարում Հելեն խանումը այն գումարները, որոնցով ետ էր գնում ամուսնի կալվածները։
— Ի՞նչ եք պատասխանում այս հարցերին, խանու՛մ–, ասաց նախագահը՝ Միհդատ էֆենդին,– ով տվեց ձեզ այնքան փող, որ այդ կալվածները գնելուց հետո ձեր սնդուկից էլ դուրս եկավ ևս քսան հազար լիրա՛։
— Ինչի՞ եք ինձ հարցնում, րեիս (նախագահ) էֆենդի՛,- ասաց Հելեն խանումը, գլուխը բարձրացնելով և հայացքը հառելով նրա աչքերին,– ինչի՞ դուք անցյալ երեկո ինձ երկու հարյուր լիրա էիք ուղարկել… Ի՞նչ իրավունքով եք դուք միջամտում իմ անձնական և ներքին գործերի մեջ… Նախագահը մոլորվեցավ… Հելեն խանումն այս խոսքերը դողդողալով արտասանելուց հետո ջղաձգորեն ցնցումներ արավ, աչքերը ոլորեց, չռեց, չորս կողմը զննեց, կրկին կամաց փակեց և տատանվելով ուշաթավված ընկավ բազմոցի տախտակի վրա։ Երբ ջղաձգությունը նկատեց հույն աղախինը, իսկույն թռավ, մոտեցավ յուր տիկնոջը, բռնեց և չթողեց, որ գլորվի, ընկնի հատակի վրա։