Տիրան բեյը հետևեց աղախնին քիչ թույլ շարժումներով, իսկ հեռվից տան էսկուլապը յուր հաստ փորով ճեղքելով ամբոխը, արտորալով հասավ օգնության յուր պացիենտին։ ժողովուրդն արդեն այնպես աղմուկ բարձրացրեց, որ ոչինչ չէր լսում, իսկ դատավորներն այդ խառնաշփոթին վերջ տալու համար իսկույն հինգ րոպեով դատավարությունը ընդհատեցին և առանձնացան իրենց խորհրդարանում՝ ծխելու, հանգստանալու։
Հասարակությունը մոռացավ դատավարությունը, նա հետաքրքրվում էր, թե ինչ հետևանք ունեցավ Հելեն խանումի ուշագնացությունը։ Ամեն մարդ հետամտում էր տեսնելու այդ րոպեին նրա դեմքի այլակերպումն ու արտահայտությունը։ Բժիշկը զանազան հոտեր էր շնչել տալիս, աղախինը, տիկնոջը յուր կրծքի վրա հանգստացրած, նրա թիկունքը բազուկներով գրկել էր, որ չգլորվի։ Տիրան բեյը, ձեռքերը բռնած, առաջը չոքած, կրկնում էր. հոգի՛ս, հոգյա՛ կս, սթափվի՛ր, հանգստացի՛ր, աչքերդ բա՛ց, ների՛ր դահիճիդ, որ քեզ այսքան տանջանքների մատնեց։
— Ջու՜ր, մի բաժակ սառը ջուր կամ մի կտոր ձյուն,– գոռում էր բժիշկը, քանդելով Հելենի կրծքի կոճակները։
Իսկ հասարակությունը խռնված, իրար գլուխ էր կոտրում, որ կարողանար անցքի մանրամասնություններին ականատես լինել։ Ամենայն հետամտությամբ դիտում էին տիկնոջ շարժումները և ոչ մի ցնցում աչքից բաց չէին թողնում, կարծես Հելենը բեմական դերակատար լիներ։ Ջուրը բերեցին, սառույցը տվին, բժիշկը կատարեց յուր պաշտոնը, և ուշագնացը սթափվեցավ։ Այնքան կենդանի անցան այդ սթափման վայրկյանները, այնքան բնական, որ մի քանի գեղարվեստի սիրահարներ անզգայաբար ծափահարեցին, մեծ ուրախություն պատճառելով տիկնոջը։
Դատավարությունը շարունակվեց, և Հելեն խանումի փաստաբանը մի երկար ճառով ապացուցեց, որ իրավունք չունի առևտրական դատարանը քննել, թե ինչ միջոցով է ձեռք բերել Հելենը յուր անձնական֊սեփական կարողությունը։ Այս հարցը մի այնպիսի խնդիր է, որի քննությունը կապ չունի Տիրան