Էջ:Collected works of Atrpet.djvu/173

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բեյի սնանկության գործի հետ։ Մանավանդ որ բոլորովին մի միություն չեն կազմում Տիրան բեյն ու Հելենը, այլ երկու, քանի որ կարող է նրանցից մեկը մեռնել և մյուսը գուցե շատ ու շատ ապրել կամ մի ուրիշ անձնավորության հետ ամուսնանալ։ Մինչև անգամ կարող են ապահարզանով բաժանվել և նորանոր ամուսնություններ կազմել։ Փաստաբանը կարճ, բայց օրենքների և մինչև անգամ շերիաթի հատվածների վրա կանգ առնելով, պնդեց, որ Հելենի բոլոր կալվածները, զարդերը և շորերի ու փոխնորդի սնդուկներից դուրս բերված փողերն ու գոհարները անմիջապես վերադարձնեն տիկնոջը։


Դատավորները երկու կողմից վերջին խոսքերը լսելուց հե¬ տո հեռացան իրենց խորհրդարանը՝ վճիռը կայացնելու։ Հանդիսականները սրտատրոփ սպասում էին վճռի ընթերցանւուլթյանը։ Փաստաբանները նրբանցքում ման էին գալիս ծխելով, մռայլ դեմքով և իրար ծուռ-ծուռ հայացքներով չափչփելով։ Դատասրահից ոչ ոք դուրս չէր գալիս, որպեսզի տեղ չգրավեին ուրիշները և իրենք չզրկվեին կոմեդիայի վերջին տեսարանից։ Հելեն խանումը, ամուսնի թևը մտած, գնաց քովի սենյակներից մեկը քիչ հանգստանալու, իսկ Առաքելը մեքենաբար, աչքը հառած փողոցում, սրճարանի առաջ դառն քրտինքով ողողված փայտահատի վրա, խորասուզվել էր կրկին տխուր մտքերի մեջ։


Ամեն կողմից ծիծաղում, քրքջում էին, ամեն մարդ յուր կարծիքն էր հայտնում դատավարության մասին և ամեն մեկը յուր եզրակացությունն անում։ Բայց ընդհանուր կարծիքն այն էր, որ գործը վճռվելու էր ի օգուտ Գալֆայանի և Հելեն խանումի, քանի որ բոլորի կարծիքով և համոզմունքով աշխարհիս կարգն ու օրենքը դրանց կողմն էր։ Երկու ժամից հետո դատավորները ներս եկան և կարդացին իրենց որոշումը, որով Հելեն խանումի ինչքը գրավելու և պահանջատերերի մեջ բաժանելու խնդիրը մերժեցին։ Որոշեցին աճուրդով ծախել Տիրան բեյի վաճառանոցի ապրանքը և գումարը բաժանել պահանջատերերի մեջ։ Տիրան բեյին էլ ճանաչեցին պատվավոր սնանկ։


Վճիռը վերջնական էր օտարահպատակների համար։