Jump to content

Էջ:Collected works of Atrpet.djvu/174

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Այս ավետիսը այնպես կայտառացրեց Հելենին, որ նա անմիջապես մտավ ամուսնի թևը, դուրս գնաց։

- Բե՛յ խանո՛ւմ,— ասաց նախագահը,— խնդրում եմ մի քանի րոպեով սպասել։ Նախ ստորագրեցեք վճիռը և ապա ձեզ բարի ճանապարհ։

Մինչ այդ Առաքելը՝ վերջին հույսն էլ կտրած, մոլեգնած դուրս եկավ, իջավ փողոց, սկսեց զննել շուրջը և Գալֆայանի կառքը։ Նա վայրկենաբար կայացրեց յուր վճիռը և որոշ դիրք բռնեց։ Ամբոխը ցած իջավ դատարանից և սկսեց ցրվել: Դատարանի դռնից իրար հրելով էին դուրս գալիս, ամեն դուրս եկողի հրապարակի մեջ կանգնեցնում էին ծանոթները ե հարցեր տալիս գործի վախճանի մասին։

Առաքելը աչքը չռած դիտում Էր բակից ներս, սանդուխներից ներքև իջնողներին և ուշի-ուշով զննում ամեն բան։ Վերջապես իջան և Գալֆայանները։ Առաքելը տեղից ցատկեց, առավ փայտահատի կացինը կոճղի վրայից, մոտեցավ Գալֆայանների կառքին։ Երբ Հելեն խանումը կառք բարձրացավ՝ ամուսնի և աղախնի օգնությամբ, ու Տիրան բեյը ուզում էր կնոջ քովը տեղ բռնել, Առաքելը կացնի մի հարվածով փշրեց սնանկացածի գանգը։

Վայնասուն բարձրացավ ամբոխի մեջ, ամեն մարդ գոռալով սկսեց փախչել, սարսափ տիրեց ամեն կողմ։ Տիրան բեյը շնչասպառ տեղից տեղ ընկավ։

Առաքելը, ճեղքելով ամբոխը, կացինը ձեռին մտավ դատարան և չորս կողմը սարսափ տարածելով, բարձրացավ սանդուխներից, մտավ վաճառական ական դատարանի նախագահի գրասենյակը և կացինը ցույց տալով, ասաց Միհդաա Էֆենդիին.

— Սրանով փշրեցի Տիրան բեյի գանգը։ Խնդրում եմ սրանից հետո ինչպես ուզում եք վճռեցեք…

XI

Ամբողջ Կ. Պոլիսը դղրդացրեց Տիրան բեյի մահը, ամեն անկյուն խոսում էին այս մասին։ Եթե կային հինգ-տասը անիծողներ Առաքելին, հազարավոր օրհնողներ էլ կային, որոնք