մակաբերել կարողանայիք, թե ինչ արհամարհանքի, նախատինքի, ծաղր ու ծանակի է մատնված մեր երկրռւմ չքավորությունը, եթե գաղափար կարողանայիք կազմել, թե ինչ զրկանքների, կողոպուտների և ավարի է մատնված յուր դրացիներից չքավորի աշխատանքը մեր երկրում, դուք երբեք չէիք ցանկանալ ինձ հանգստաբեր մահճի ճիրաններից ազատել և հավիտենական խաղաղությունից ղրկել։ Երբե՛ք, երբե՛ք դատարկ գրպաններով, ձեռքերս կրծքիս ծալած, իմ քայլերս չեմ ուղղիլ դեպի իմ տունս, այն էլ այս կմախքիս հետ, ասաց Առաքելը վշտացած, երկու ձեռքերով կողերն այնպես պինդ սեղմելով, որ կարծես ցանկանում էր փշրել և վերջ տալ յուր բազմատանջ կյանքին։
Մռայլեց Հակոբ էֆենդիի դեմքը, չգիտեր, թե ինչ խոսեր, ինչ պատասխաներ։ Ցավում էր, որ յուր թևարկյալր այդպես հաստատ վճռել էր կյանքից ձեռք քաշել։ Նա միայն դիտում էր Առաքելին, նրա ձևերը, շարժումները, դիմագծերը, գունափոխությունը, դիտում ու հառաչում։
— էֆենդի՛, էֆենդի՛, ինձ մի՛ տանջի, դահիճ մի՛ դառնա։ Այս վիճակի մեջ ինձ ապրելու ստիպելը ամենամեծ ոճրագործությունն է։ Մի թե դու չգիտես, որ դատարկ գրպանը, անգործ ձեռքը ատելի է, անտանելի ամենամերձավորներին, սիրելիներին անգամ։ Մի՛ կարծիր, որ միայն Կ. Պոլսում է բարոյականությունն ընկել, մի՛ կարծիր, որ անսիրտ, անխիղճ հարազատները միայն մայրաքաղաքներում են կուտակվել, ո՛չ, ո՛չ, ամեն տեղ, ամեն երկրռւմ մարդիկ միատեսակ են։ Միայն երկու օր կարելի է թշվառին կարեկցել, երրորդ օրը երես կդարձնեն, մահ կխնդրեն, չոռին ու գրողին կտան անպետք մարդու։ Խնդրում եմ, աղաչում եմ, թողեք, թույլ տվեք, թող ինձ մահվան դատապարտեն, սպանեն, որ ապրելուց, տանջանքից ազատվեմ…
— Տեսնենք, — ասաց հուսահատ փաստաբանը և հեռացավ։
Դատավորները դեռ դատաստանասրահը չմտած՝ ներս տարան նախ և առաջ Առաքելին: Փաստաբանները նույնպես ներս գնացին։ Առաքելը մեղավորներին հատուկ նստարանի