Jump to content

Էջ:Collected works of Atrpet.djvu/179

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որ եթե Առաքելը չսպաներ Տիրան բեյին, Հելենցը նրան կամ սպանել տալու էր և կամ լքանելով՝ փախչելու յուր հոմանու հետ։

Միառժամանակ լռեց փաստաբանն էլ, նկատելով Հակոբ էֆենդիի հուզմունքը, որը աստիճանաբար սաստկանում էր։ Հենց այդ միջոցին ներս մտավ Միհդատ էֆենդին, թևն առած Հելեն խանումին։ Տիկինը հրավիրված էր թե՛ որպես վկա, թե որպես դատախազ յուր ամուսնու կողմից, որի որբերի խնամակալն էր։ Չուշացան ևս դատավորները, նրանք էլ իրենց տեղը բռնեցին։

Երկար քննությունների և վկաների հարցաքննության կարիք չկար, մեղավորն ինքը խոստովանում էր հանցանքը, և դատավորներն էլ երկու վկա ունեին, որոնք տեսել և հաստատում էին ոճրագործի խոսքերը. Հելեն խանումը և փայտահատը։ Փայտահատը գուցե չգար էլ վկայության, եթե ժամանակին յուր կացինը իրեն վերադարձրած լինեին, նա ավելի յուր կացնով, քան թե Տիրան բեյի սպանողի հարցովն էր հետաքրքրվում։ Դատավորները մի քանի խոսքով գործին ավարատ տալուց հետո խոսք տվին Հակոբ էֆենդիին, որ պաշտպանե յուր թևարկյալ եղեռնագործին։

Հակոբ էֆենդին շատ երկար չխոսեց, սիրտ չուներ և ո՜չ էլ ուժ։ Մանավանդ, որ Առաքելն էլ ընդմիջում էր նրա ճառը և փաստաբանի ապացուցածի հակառակը պնդում։ Փաստաբանը նախ հայտնեց, թե ինչ հոգեկան դրության մեջ էր Առաքելը ոճիրը գործելուց առաջ և նույն պահին։ Նկարագրեց, թե յոթ տարով հեռացած ընտանիքից, գիշեր-ցերեկ տքնելով դիզած կարողությունից Աոաքելը հանկարծակի զրկվելով, երբ դատարանի արձակած վճռով նկատեց, որ անդառնալի կերպով կորցրեց յուր կապիտալը, նա մոլորվեց և մինչև անգամ այդ իսկ ժամում խելագարվեց։ Առաքելը սպանեց Տիրան բեյին խելացնոր վիճակում և ամեն մի մահկանացու մի այդպիսի կորուստից հետո կասկած չկա, որ կարող է ենթարկվել այդ վիճակին։ Իսկ խելագարի արարքը, դատավորներիդ հայտնի է, թե պատժի չի ենթարկվում: