Էջ:Collected works of Atrpet.djvu/18

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հին հագուստ էր հագնում, մաշված ու մաղված, բայց ժամանակին այդ շորերն ինչ թանկագին կերպասներից կազմված լինելը հայտնապես նշմարվում էր։ Նա ծերացել, կորացել դեմքը կնճիռներով ծածկվել էր, բայց վեհ հոգին դեռ չէր կորցրել։ Խեղճ էր, աղքատ էր Ներսես–ախպարը, դրացիների, բարեկամների նպաստներին կարոտ, բայց երբեք չէր մուրացել, երբեք չէր զիջել ողորմություն խնդրելու և ուրիշների մուննաթներով չէր ապրել։

Մի օր բազարում Նիկողոս֊աղան մսագործի խանութի առաջ պատահեց Ներսես֊ախպորն ու նրա համար տասը փարայի (մեկևկես կոպ.) մի ոչխարի թոք գնելով՝ ասաց.

— Ներսես֊ախպար, այս թոքն էլ դու տար ձեր տուն.

— Շնորհակալ եմ,֊ ասաց Ներսես-ախպարն ու թոքը մսագործի ձեռքից առնելով՝ Նիկողոս֊աղայի հետ վերադարձան իրենց տները։ Նիկողոս֊աղան մի շախկա միս էր առել, ամբողջ դմակն էլ հետը, տվել էր ծառայի կռնակը, որ ետևից գալիս էր, իսկ Ներսես-ախպարն էլ, համեմատաբար մի քայլ ետ ընկած, հետևում էր Նիկողոս-աղային։

Երբ շուկայից դուրս եկան, Նիկողոս֊աղան ասաց Ներսես–ախպորը, փորձված մարդու խրատական շեշտով.

— Գիտես, քրոջս (այսինքն՝ Ներսեսի կնոջը) ասա՛, թող թոքերի, սրտի ճարպերն առաջ սուր դանակով լավ մաքրե, հետո այդ ճարպը կրակի վրա սկավառակում հանդարտ հալեցնե, մի օր այդ ճարպի մեջ սպիտակ թոքերը տապկե, մյուս օրը՝ սևը և երրորդ օրը՝ սիրտը։ Պատվիրիր, որ լավ մանրե թոքերը, թե չէ՛ տժվժիկը համով չի լիմիլ։ Գիտես, Ներսես-ախպար, մենք բարեկամ ենք, այդ պատճառով բարեկամական խորհուրդ եմ տալիս։ Խո տեսնո՞ւմ ես, թե որքան դժվար է մի բան առնելն ու տանելը։ Կես կյանքդ մաշվում է, հապա որքա՜ն դժվարությամբ է մարդ տասը փարա աշխատում։ Պետք է տնտեսությամբ ապրել, ատամի տակից պետք է ավելացնել, ետ ձգել։ Ասա քրոջս, թող կրակը մեղմ վառե, որ ճարպը չսևանա ու չփչանա, փայտին էլ խնայողություն կլինի, կերակրի էլ համը չի կորչի, և սեղան բերելիս՝ թող ճարպը լավ քամե, պահե, որ մյուս օրվան տապկոցին