Հելեն խանումը հրաժարվեց Առաքելի դեմ դատախազ կանգնելու իրավունքից։
Դատավորներն առանձնացան և մի ժամից հետո վճիռը դուրս բերին։ Նրանք որոշել էին և վճռել դուրս բերել բանտից, ազատել շղթաներից Առաքելին և ուղարկել Փրկիչ գժանոցը։ Փաստաբանի խնդիրքի համաձայն, իսկույն արձակեցին Առաքելի շղթաները և մի թուղթ սկսեցին գրել պատրիարքարան, որ անմիջապես Առաքելին ուղարկեն գժանոց և հավիտյան այնտեղից դուրս չթողնեն։
Այդ վճիռը նույնպես Առաքելի կամքի հակառակ տրվեց, ինչպես նախորդ վճիռը, որով Հելենը ընդմիշտ տիրել էր ամուսնի պապական կալվածներին, բայց ուժ չուներ, առաջը չէր կարող առնել, քանի որ նրա խոսքերը, որպես խելագարի, դատավորները լսել անգամ չէին կամենում։ Կողքի սենյակում, երբ քարտուղարն ու ոստիկանական պաշտոնյան հրամանագրով էին զբաղված, Առաքելը սրունքներից քանդված շղթան վեր առավ, դուրս թռավ, հասավ Միհդատ էֆենդիի ետևից և մի հուժկու հ արվածով յուր չորս ամիս կրած շղթաներով փշրեց սրա էլ գանգը։ Երբ ոստիկանները և զինվորները Առաքելի ետևից վազում էին, որ բռնեն, Առաքելը երրորդ հարկի սանդուխների գլխի լուսամատի պատուհանը բարձրացավ և ինքն իրեն գցեց դատարանի գավիթը՝ տասնևհինգ կանգուն բարձրությունից։
Գավթում, սալահատակի վրա, Առաքելը ընկած տեղը փշրված մնաց, հոգին ավանդած։ Ոստիկանությունը Առաքելի փոխարեն նրա ոսկորները մի կառքի մեջ դրին և ուղարկեցին պատրիարքարան, որտեղից տարին գերեզմանոց և թաղեցին դուրսեցիների շարքում։
Հելենը մեծ ուրախություն զգաց, որ ազատվեց Միհդատի ճիրաններից։ Նա այժմ անկախ ու ազատ կյանք է վարում, յուրաքանչյուր տարի ճանապարհորդություններ կատարելով դեպի արևմուտք յուր զավակների ուսուցիչների հետ, որոնց շուտ֊շուտ փոփոխում է։ թեև անպատմելի և աննկարագրելի տանջանքներ քաշեցին հարս և սկեսուր՝ Բերսան ու Սառան, բայց ուխտեցին