Էջ:Collected works of Atrpet.djvu/183

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

էր գրասենյակ, զննում էր մատյանները, կարդում և կնքում էր թղթակցությունները, խուզարկում էր դրամարկղը, վաճառատան ապրանքները և քննում ամեն մի պատահական նամակ ու մուրհակ։ Այդ բոլորը անում էր միմիայն զավակներին ցույց տալու, թե ինչպես ինքը սիրում է գործը, որպեսզի նրանց մեջ ավելի արծարծե աշխատությունը սիրելու եռանդը։

Աբդուլ-Հյուսեյնը մետաքսի վալայի (քալակղիե) գործարան ուներ։ Նա Ռաշտից բերել էր տալիս մետաքսը, Թավրիզում զանազան չափի քառակուսի գլխակապեր, ծածկոցներ, վերմակի երեսներ էր գործել տալիս։ Ապա հանձնում էր ներկարարներին, որոնք ձեռնակար գույնզգույն ծաղիկներ էին բանում, ներկում ու պատրաստի ապրանքը վերադարձնում էին։ Աբդուլ-Հյուսեյնի գործարանում մշտական քառասուն հոգի բանում էին, իսկ ներկարարներից էլ 8-10 մարդ նրա տված գործով ընտանիք էին պահում։ Այս գործով Աբդուլ-Հյուսեյնը ոչ միայն իր ընտանիքն էր պահում, այլև հիսուն ընտանիքի ապրուստին հնարավորություն էր տալիս իր վաճառատնով։

Աբդուլ-Հյուսեյնի ընտանիքն ու բանվորների ընտանիքը նահապետական սովորությամբ շաղկապված էին իրար հետ և ամենքի միակ ձգտումն այն էր, որ այնպիսի գեղեցիկ ապրանք դուրս բերեն, այնքան աժան նստեցնեն, որ մրցակիցներին հաղթեն և միշտ շուկային տիրեն։

Աբդուլ-Հյուսեյնը ամբողջ կանխիկ դրամագլուխը հատկացնում էր մետաքսի, երբ ապրանքի գինը կոտրվում էր։ Նա միշտ իր պահեստում երկու տարվան գործին բավականացնող մետաքս էր ամբարում։ Եթե մետաքսը անհաջող տարիներում թանկանում էր, Աբդուլ-Հյուսեյնի գործարանը ոչ միայն աշխատությունները չէր դադարեցնում, այլ անզգալի կերպով անգամ չէր բարձրացնում ապրանքի գինը, որպեսզի չկորցնե իր հին հաճախորդներին։

Աբդուլ-Հյուսեյնը թեև այնքան սիրում էր իր բանվորներին, սիրված ու հարգված էր նրանցից, բայց որպես հեռատես վաճառական և գործարանատեր, նա իր որդիներից մեծին սովորեցրել էր վալան նկարել և ներկել, երկրորդին՝ մետաքսը հինել ու գործել, երրորդին՝ հարթել ու փոքրին նկարչություն էր