Jump to content

Էջ:Collected works of Atrpet.djvu/184

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

սովորեցրել, որպեսզի նորանոր ծաղիկների դաջեր փորագրե և վալաների ծաղիկների ձևն ու տեսակը տարեցտարի փոփոխե ու կատարելության հասցնե։

Այսպես հիմնավորած գործով Աբդուլ-Հյուսեյնը այնպիսի բարեկեցիկ վիճակ էր ստեղծել, որ դրացիների նախանձի առարկա էր դարձել։ Ամեն մի մրցակից իր տանը հորդոր խոսելիս օրինակ էր բերում Աբդուլ-Հյուսեյնին և նրա զավակներին, որոնք մի-մի անխոնջ ու անվեհեր զինվորի նման առաջ էին վարում իրենց հայրական վաճառատան գործերը։

Աբդուլ-Հյուսեյնը մի կին էր առել, որը նրան տվել էր չորս որդի և չորս էլ աղջիկ։ Նա իր չորս աղջիներին ամուսնացրել էր իր գործարանի աչքի ընկնող հմուտ վարդապետներին, որպեսզի իրենց բոլորովին կապե իր գործի հետ։ Զավակներին էլ ամուսնացրել էր բանվորների աղջիկների և քույրերի հետ: Պետք է ասած, որ Աբդուլ-Հյուսեյնի գործի մեջ աշխատող բանվոր, վարպետ, բոլորն էլ նուխեցի գաղթակններ էին, որոնք բոլորն էլ իրար հետ մերձավոր ազգականներ էին կամ Աբդուլ-Հյուսեյնի հայրական ու մայրական ցեղակիցներ կամ նրա կնոջ հարազատները։

Աբդուլ-Հյուսեյնի կինը մեռավ, երբ նա դեռ չէի անցկացրել իր վաթսուներորդ տարին։ Ծերուկը այնքան սիրում էր զավակներին ու թոռներին, որ երկրորդ կին չորոնեց, չուզեց խորթ մայր բերել տուն, հարամ անել իր սերնդի կյանքը։ Նա միայն մտածում էր զավակների ապագայի և իր վաճառատան շարունակության մասին։ Չէր ցանկանում մի այնպիսի գործ բռնել,որ տան քայքայման պատճառ դառնա։

Նա աղջիկներին ամուսնացնելիս իր կարողությունից նրանց հասանելի բաժինը շերիաթի ցուցման համաձայն հանել, հատկացրել, տվել և ձեռքերից էլ թուղթ էր առել, որ ապագային եղբայրների գլխին փրձանք չդառնան և գործերի անհաջողության առիթ չլինեն։ Որպես ճշմարիտ հավատացյալ, երկրպագու իսլամի վարդապետության, միշտ տքնել էր արդարություն պահպանել։ Ամեն տարի օգուտի տասներորդը բաժանել էր աղքատներին և չէր զրկել որևէ մշակի, բանվորի նրանց հետ խոսված, որոշված վարձից։