Որպես աշխատավոր և կոպեկներից հարստության հասած, Աբդուլ-Հյուսեյնը չափավոր ապրող մարդ Էր։ Ինչպես միշտ, տքնել Էր պարտքի վերջին փողը վճարել, այնպես Էլ ջանացել էր պահանջի վերջին բեստին (1/3 կոպ.) գանձել պարտապաններից։ Նա զրկանքով չէր ապրել և չէր պահել իր ընտանիքը, բայց չափավորության սահմանից էլ երբեք չէր անցել։ Սովորական չափի միսը, հացը, միրգը, պանիրը և ուրիշ նյութերը տուն էր հասցրել այնպիսի քանակությամբ, որ հազիվ կշտացներ տան բոլոր անդամներին և ոչինչ չավելանար, չբաժանվեր կամ չցրվեին աղքատներին։ Նա ամեն տարվա վերջը օգուտից միանվագ դուրս հանած պարտադիր տասնորդականից ավելի դուրս տալն էլ հանցանք էր համարում։
«Ալլահի շնորհը մարդը փչացնելու արտոնված չէ։ Ինչպես տասներորդը չտալը հանցանք է, այդպես էլ տասներորդից ավելի տալն էլ շռայլություն է−հետևաբար մեղք է»։
Այս ժլատության պատճառով Աբդուլ-Հյուսեյնը հաճախ պարտավորված էր որդիների հետ կռվելու։ Երբ վաճառատանը ճաշի էին նստում տանից ուղարկված կերակուրն ուտելու, որդիներից մեկը երկու կոպեկ ուղարկում էր խաղողի կամ նույնիսկ մի երրորդը չէր հավանում տանն եփված ճաշը, 5-10 կոպեկ ուղարկում էր խորոված կամ փլավ բերել էր տալիս։ Ծերուկը զայրանում էր ու նկատում.
- Ձեզնից ստորներին նայեցեք, տեսեք, որ նրանք ցամաք սանգակ էլ չեն գտնում կշտանալու չափով, իսկ դուք ալլահի շնորհից դժգոհ, նորանոր ծախսեր եք անում։
Բայց այնքան էր խոսել ու մրթմրթացել Աբդուլ-Հյուսեյնը, որ խոսքի նշանակությունը կորցրել, հարգից ընկել էր։ Այս պատճառով ոչ միայն հորը խոսքին էլ ուշք չէին դարձնում զավակները, այլ նրան ատում, շատ անգամ նույնիսկ կծու պատասխաններ էին տալիս, ծակում, թունավորում և վշտացնում էին դարաքաշ ծերուկին։ Թեև ժլատ էր Աբդուլ-Հյուսեյնը և չէր կարող իր հաճույքի համար շռայլել, թեև խոսում, զայրանում էր որդիների վրա, որոնք ժամանակի հոսանքին հետևելով մի քիչ լայն էին ուզում ապրել, բայց նրանց զսպելու և սանձելու ուժ չուներ: