Jump to content

Էջ:Collected works of Atrpet.djvu/186

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Նախ, որ Աբդուլ-Հյուսեյնը նկատում էր նույնպես, թե ինչ էր կատարվում շուրջը, ինչպես էին շռայլում խաների, սարաֆների, մոլլաների ջահելները, որոնց ընթացքը չէր կարող չվարակել ամբողջ քաղաքն ու գավառը։ Նա նկատում էր, թե ինչ անդառնալի կերպով անհետացել էր չափավորության դարը։ Այլևս ախունդների, մյուջթեհիդների քարոզողները չէին ներգործում ժամանակի երիտասարդության հոգու վրա, այլևս իմամների շռայլության, զեխության դեմ տված հանդիսները (պատգամ) կորցրել էին իրենց նշանակությունը։ Մանավանդ որ մյուջթեհիդների կիներն ու հարճերն անգամ Եվրոպայից ստացած նրբին բեհեզ էին հագնում, բաճկոնների և շրջազգեստների շուրջը ոսկեթել երիզներով էին զարդարում, սամույրի մազերով էին պճնում իրենց տարազը, գոհարազարդ մաշիկներ էին հագնում և ասեղնագործ շապիկներով զուգվում։

Երբ օրենքի պաշտպան մյուջթեհիդների սեղանները ութսուն տեսակ կերակուրներով, համեմունքներով և քաղցրավենիքով էին զարդարվում, ինչպե՞ս կարող էր Աբդուլ-Հյուսեյնը արգելել, որ իր զավակները ճաշին ու ընթրիքին գոնե 8-10 տեսակ կերակուր պատրաստել չտան կամ շուկայի խոհարարից սրտի ուզած ուտելիքը բերել չտան։ Կամ թե ինչպե՞ս ստիպեր նրանց, որ իրեն հետևին, ղադաք արխալուղ հագնին գետնագործ շալից շալվար կաբել տան և տեղական գործված բրդի աբա գցեն ուսերին Սաքսոնիայի ընտիր ասվի փոխարեն։

Նկատելով, որ զավակները ամեն տարի դրամագլուխը ավելացնելու փոխարեն հազիվհազ ծածկում են ծախսերը, Աբդուլ-Հյուսեյնը վրդովված ավելի շատ Էր խոսում։ Նա քառասուն տարվա ընթացքում տարեցտարի ավելացրել Էր իր մյուջթեհիդին ուղարկած աղքատներին հատուկ տասնորդական բաժինը, իսկ վերջին տարիները աստիճանաբար պակասեցրել Էին չափահաս որդիները այդ տուրքի քանակը շնորհիվ իրենց շռայլ ապրուստին։ Ահա այս պատճառով նա հաճախ այնպես Էր հուզվում, որ ամեն մի ծախսի մասին տեղի թե